Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում մարտի 1-ին տեղի է ունեցել 1988թ. Սումգայիթի հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Աջարիայի հայ համայնքի կողմից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Սուրբ պատարագի ավարտից հետո աջարահայության հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանն անցկացրել է Սումգայիթի անմեղ զոհերի ոգեկոչման կարգ, որին հաջորդել է եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ տեղի ունեցած ծաղկեպսակի զետեղման արարողությունը:
Իր հովվապետական խոսքում Տեր Հայրը խոսել է հայ ազգի չսպիացող վերքերից մեկի մասին' կոչ անելով ներկաներին երբեք չմոռանալ մեր նորագույն պատմության արյունալի էջերի մասին:
Այնուհետև ելույթի խոսքով հանդես է եկել Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, ով, անդրադառնալով սումգայիթյան դեպքերին, կարևորել է նման եղեռնագործությունների միջազգային դատապարտման և իրական գնահատական տալու հրամայականը, քանզի անպատժելիությունը ծնում է նորանոր հանցագործություններ: