Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը ձեռնտու չէ Ռուսաստանի Դաշնության իշխանություններին, քանի որ այն կարող էր բողոքի մեծ ալիք բարձրացնել: Մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովըˋ հավելելով, որ սպանությունը կարող էր մի շարք շարժառիթներ ունենալˋ ծայրահեղական խմբերի՝ իշխանության դեմ պայքարող քաղաքական գործչին վերացնելու ցանկությունից մինչև կենցաղային փոքր խնդիրներ: «Այս սպանությունը ցանկալի չէր նաև լիբերալների համար, ում քաղաքականության մեջ հայտնի մարդիկ են պետք: Իսկ Նեմցովի սպանությունից հետո նրանք զրկվեցին նման գործչից»,- ասաց Մարկարովը: Ինչ վերաբերում է ռուսական ընդդիմությանը, ապա Մարկարովի գնահատմամբ, Նեմցովի սպանությունը էական ոչինչ չի փոխել. ռուսական ընդդիմությունը շատ այլ առաջնորդներ ունի, բացի այդ, ընդդիմադիր դաշտը ՌԴ-ում մեծամասնություն չի կազմում:

 

Քաղաքագետի կարծիքովˋ ռուս ընդդիմադիրի սպանության բացահայտումը «պատվի հարց» է ՌԴ ոստիկանության համար, քանզի այս հանցագործությունը հնարավորություն է տալիս միջազգային հանրությանը ևս մեկ անգամ քարկոծել Ռուսաստանին: