Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը' տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը և միաժամանակ հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ փորձում իրականացնել դիվերսիոն հետախուզական գործողություններ:
Մարտի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժը առաջնային գծի տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ' հայ դիրքապահների ուղղությամբ 60 և 80 մմ ականանետերից, Իստիգլալ, ՀԱՆ-17, ԴՇԿ, ՌՊԿ և այլ զինատեսակներից արձակելով շուրջ 4500 կրակոց: Բացի նշված միջոցներից, հակառակորդը հյուսիսային (Շահումյանի) ուղղությամբ կիրառել է նաև «ԶԻԿ -23-2» զինատեսակ: Նշված կրակակետը վնասազերծելու նպատակով ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համապատասխան գործողության, որի արդյունքում շարքից հանվել է հակառակորդի առնվազն 3 զինվոր և «ԶԻԿ -23-2» զինատեսակը:
Նույն ժամանակահատվածում ԼՂՀ զինված ուժերի մարտակերտյան ուղղության ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում: Ըստ հաստատված տվյալների' ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է գործողության շրջան դուրս եկած ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման չորս զինծառայող:
Վերոնշյալ գործողությունների ժամանակ հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շփման գծի ողջ երկարությամբ շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը և հակառակորդին թելադրել իրենց կամքը: