Ստամբուլի Բողազիջի (Բոսֆորի) համալսարանի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել համալսարանում Աթաթուրքի անվան ակումբի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման հետ կապված միջոցառման դեմ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Etha լրատվական գործակալությունը, համալսարանի «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրես» խորհրդի (HDK) կոչով թուրք ուսանողները մտել են Աթաթուրքի անվան ակումբի կազմակերպած' «Տեղահանության 100-րդ տարին» կոչված միջոցառման սրահ եւ մամուլի համար հայտարարություն արել:
Հայտարարության մեջ ուսանողները նշել են, որ Մալաթիայի, Կեսարիայի, Քոնիայի, Մարդինի եւ Հաթայի (Անտիոք) նման շատ վայրերում Սուրբ Ծննդյան տոները վերջին անգամ նշվել են 100 տարի առաջ, եւ Հրանտ Դինքի' 4 հազար տարի այս հողերում բնակված ժողովուրդն այլեւս չկա:
Հայտարարությունն ընթերցելուց հետո ուսանողները շեշտել են, որ 1900-ականներից մինչեւ Հրանտ Դինք եւ Սամաթիայի տարեց հայ կանայք ցեղասպանությունը գիտակցաբար եւ սիստեմատիկ կերպով դեռ շարունակվում է:
Հայտարարությունից հետո համալսարականները սրահի պատերին փակցրել են «Ոչ թե տեղահանություն, այլ Ցեղասպանություն է», «Առերեսվեք Հրանտին եւ Ցեղասպանությանը» բովանդակությամբ պաստառներ: