Թուրք քաղաքական վերլուծաբան Ուֆուք Ուրասն, ով Թուրքիայի խորհրդարանի նախկին պատագամավոր է, քննադատել է Հայոց ցեղասպանության հարցում Անկարայի ժխտողական քաղաքականությունը: Այս մասին հայտնում է թուրքական acikgazete.com լրատվական կայքը:

 

Թուրք վերլուծաբանը գտնում է, թե կարևոր է, որ պաշտոնական շրջանակներն առերեսվեն անցյալ դարասկզբին «Իթթիհադ և Թերաքքիի» կողմից հայ բնակչությանը հասցված ցավերի հետ, ինչը կարող է արագացնել այդ իրադարձությունների ճիշտ ընկալումը թուրք հասարակության կողմից:

 

Ուրասը Հայոց ցեղասպանության հարցում այլընտրանքային քաղաքականություն տանելու անհրաժեշտություն է տեսնում: Նա գտնում է, որ ամեն տարի ապրիլի 24-ին կազմակերպվող «Ներողություն ենք խնդրում, այդ վիշտ բոլորինս է» կոչված վշտակցության միջոցառումներին պետք է ավելացնել նոր քաղաքական տարրեր:

 

«Հարկավոր է բացել Հայաստանի հետ սահմանը, զարգացնել փոխադարձ տնտեսական հարաբերությունները և մշակութային կապերը, քաղաքացիություն ստանալու իրավունք տալ 1915թ. զոհերի ժառանգներին»,-նշում է Ուրասը:

 

Վերլուծաբանը ճիշտ չի համարում նաև Թուրքիայի խորհրդարանում հայազգի պատգամավորներ չլինելու հանգամանքը և վստահություն հայտնում, որ այդ բացթողումը առաջիկա ընտրություններում կշտկվի: