Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում անցկացված 40-րդ Միջազգային գրքի տոնավաճառում ունեցած ելույթում հայտնի թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն քննադատել է Հայոց ցեղասպանության հարցում թուրքական իշխանությունների ժխտողական քաղաքականությունը:

 

Ինչպես հաղորդում է թուրքական «Թարաֆ» թերթը, ապրիլի 24-ից մինչեւ մայիսի 12-ն անցկացվող տոնավաճառի շրջանակում Աշխատավորների օրվա' մայիսի 1-ի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ ունեցած ելույթում, որին մասնակցել են 600-ից ավելի մարդ, այդ թվում' Արգենտինայում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը, Բուենոս Այրեսի քաղաքապետարանի պաշտոնյաներ, Զարաքոլուն դատապարտել է Հայոց ցեղասպանությունը եւ հայտարարել, որ թուրքական իշխանությունները շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը:

 

Զարաքոլուն ելույթում հիշեցրել է 1915 թ. ապրիլի 24-ին Օսմանյան Թուրքիայում իշխանությունների կողմից մահվան ուղարկված հայ մտավորականների մասին' նշելով, որ ներկայիս Թուրքիայում էլ սպանել են Հրանտ Դինքին: Նա թուրքական իշխանություններին կոչ է արել ազատ արձակել թուրքահայ հայտնի լեզվաբան Սեւան Նիշանյանին, այլախոհ թուրք եւ քուրդ մտավորականներին, ովքեր կեղծ եւ շինծու մեղադրանքներով պահվում են թուրքական բանտերում:

 

Իր խոսքում Ռագըփ Զարաքօլուն հպարտությամբ նշել է, որ իրեն հաջողվել է 1997 թ. Թուրքիայում հրատարակել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը, որը 1933-ից արգելված էր Գերմանիայում եւ Թուրքիայում:

 

Ստամբուլի «Բելգե» հրատարակչության սեփականատեր Ռագըփ Զարաքոլուն Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած թուրք մտավորականներից է: