Ստամբուլում թուրք լրագրողները մամուլի վրա ճնշում գործադրելու եւ գրաքննության քաղաքականություն իրականացնելու քննադատությամբ բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի կառավարության դեմ: Ինչպես հաղորդում է թուրքական Bianet լրատվական կայքը, թուրք լրագրողմների արհմիութենական կազմակերպխության անդամները հավաքվել են Ստամբուլի նահանգապետարանի շենքի առաջ եւ հայտարարություն տարածել:
Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայում լրագրությունը երկար տարիներ գտնվում է իշխանությունների ճնշման տակ: «Հեռախոսով արվող կարգադրությունները եւ գրաքննությունը խեղդում են մամուլը: Վերջին երկու շաբաթվա ընթացքում համոզվեցինք, թե ինչքան քայքայիչ կարող է լինել այդ երեւույթը, որը պետք է տեղ չունենա ժողովրդավար երկրում», -ասվում է տարածված հայտարարության մեջ:
Ցուցարարները վանկարկել են «Ազատ մամուլին հնրավոր չէ լռեցնել» եւ պարզել են «Ալո, վարչապետ, արդեն բավական է», «Դադարեցրեք ճնշումը», «Մամուլի եւ խոսքի ազատության համար ոտքի ենք կանգնել» բովանդակությամբ պաստառներ:
Թուրքական մամուլն ավելի վաղ տարածել էր դեկտեմբերին Թուրքիայում իշխանությունների ապօրինությունների հետ կապված կոռուպցիոն բացահայտումներից հետո որոշ ԶԼՄ-ների հետ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, որոնցում նա կարգադրել էր չհրապարակել կառավարության հասցեին ընդդիմության առաջնորդների քննադատությունները, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել այդ երկրում: