Արարատի մարզային փրկարարական վարչությունում մարտի 7-ին, ժամը 00:13-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. շրջվել է ավտոմեքենան եւ տուժածին օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, դեպքի վայրում պարզ է դարձել, որ «ՎԱԶ 2121» մակնիշի 67 OO 700 պետհամարանիշի ավտոմեքենան Վեդի-Ուրցաձոր միջհամայնքային ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, 8 մ բարձրությունից ընկել հարակից ձորակը եւ կողաշրջվել: Մինչ փրկարարների ժամանումը վարորդ Վ. Մ.-ն /ծնված 1969թ./ եւ երկու ուղեւորները' Լ. Մ.-ն /ծնված 1999թ./ եւ Շ. Հ.-ն /ծնված1970թ./ տեղի ուժերով դուրս են բերվել ձորակից եւ տեղափոխվել Վեդու բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար:

 

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան հոսանքազրկել են, փակել գազի փականը' կանխելով հետագա արտահոսքը: Նրանք հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ձորակից:

Լիլիթ Մաճկալյան