Տնտեսական եւ գործարար աշխարհի ամերիկյան հեղինակավոր Bloomberg հանդեսն աշխարհում ամենավատ տնտեսություն ունեցող երկրների ցուցակում Թուրքիային դասել է 9-րդ տեղում, որը նպատակ է դրել մինչեւ 2023 թվականը դառնալ աշխարհի ամենազարգացած 10 տնտեսություններից մեկը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Bloomberg-ն իր' Les Miserables (չքավորներ) անվանած հետազոտության մեջ ամենավատ տնտեսություն ունեցող երկրների ցուցակը կազմելու համար առաջնորդվել է այդ երկրներում գործազրկության եւ արժեզրկման (սպառողական գների ինդեքս) վերաբերյալ տվյալներով:

 

Հանդեսը նշել է, որ Թուրքիայի տնտեսությունը, 2014 թվականի երրորդ եռամսյակում գրեթե կանգնել եւ աճել է ընդամենը 1,7 տոկոսով: Թուրքիայի տնտեսության դանդաղումը բացասաբար է ազդել նաեւ զբաղվածության վրա: Թուրքիայի պետական վիճակագրական կոմիտեի 2014 թվականի տվյալներով' այդ երկրում 15 տարեկանից բարձր տարիքի գործազուրկների թիվը վերջին 4 տարում եղել է ամենաբարձրը եւ կազմել 3 մլն 96 հազար մարդ: 2014 թվականի չորրորդ եռամսյակում Թուրքիայում գործազրկության մակարդակն աճել եւ հավասարվել է 2011 թվականի փետրվարին եղած 10,7 տոկոս մակարդակի:

 

Ցուցակում Թուրքիային նախորդում են Վենեսուելան, Արգենտինան, Հարավային Աֆրիկան, Հունաստանը եւ Ուկրաինան: