ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետի ուղերձում ասված է.
«Սիրելի կանայք,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ:
Գարնանային այս գեղեցիկ տոնն աշխարհը լցնում է բարությամբ, երջանկությամբ և սիրով, քանի որ այն նվիրված է մեր սիրելի մայրերին, կանանց, քույրերին և դուստրերին: Շնորհակալություն ձեր սիրո, ջերմության, հոգատարության, իմաստնության, մեր աշխարհն ավելի գեղեցիկ, լուսավոր, ներդաշնակ և բարի դարձնելու ձեր ունակության համար:
Թանկագին կանայք,
Անգնահատելի է ձեր դերակատարությունը հայ ընտանիքի ամրության, մեր ժողովրդի և նրա ստեղծած արժեքների հարատևության, ազգապահպանության գործում: Մեծ է ձեր ավանդը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում, անփոխարինելի է ներուժը կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության և այլ ասպարեզներում:
Սիրելի կանայք,
Եվս մեկ անգամ շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ անսահման սեր, երջանկություն, առողջություն և ընտանեկան ջերմություն»: