Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրասենյակում այսօր կայացել են ՀՀԿ գործադիր մարմնի, այնուհետ կուսակցության խորհրդի նիստերը: ՀՀԿ խորհրդի նիստի օրակարգում եղել են Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածուի հաստատման հարցը և այլ հարցեր:

 

Խորհրդի նիստում ելույթներով հանդես են եկել ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը և ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը:

 

ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի խոսքը

 

ՀՀԿ խորհրդի նիստում

 

Շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ, վստահության, սատարման և այդ ջերմ խոսքերի համար: Շնորհակալ եմ հարազատ կուսակցությանս այս ուժեղ և հիմնավոր աջակցության համար: Շնորհակալ եմ նաև Տիգրան Սարգսյանին այն աշխատանքի համար, որն արվել է այս տարիների ընթացքում:

 

Պարո՛ն Նախագահ,

 

Ամբողջությամբ գիտակցում եմ, թե ինչ պատասխանատվություն եմ ստանձնում: Ես ինձ վստահ եմ զգում Ձեր սատարմամբ, ուժեղ եմ մեր կուսակցությամբ և հավատում եմ մեր հաջողություններին:

 

Գաղտնիք չէ, որ մեր ժողովրդի մի զգալի մասն այսօր ապրում է ոչ բարեկեցիկ: Առաջնահերթ խնդիրը Հայաստանի քաղաքացու' իր երկրում արժանավայել ապրելու հնարավորության ստեղծումն է: Սա է լինելու մեր բոլորի գերնպատակը: Եվ ձևավորվող կառավարությունն է, որ պետք է ստանձնի պատասխանատվությունը ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու համար:

 

Ակնկալում եմ նաև կառուցողական աշխատանք Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի հետ:

 

Պարո՛ն Նախագահ,

 

Եվս մեկ անգամ շատ շնորհակալ եմ այս վստահության համար: Բոլոր իմ հաջողությունները եղել են Հանրապետական կուսակցության շնորհիվ, Ձեր սատարման շնորհիվ և այս անգամ ևս Հանրապետական կուսակցության առաջարկով ես առաջադրվում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնին: Դա անելու եմ գիտակցումով և մեծ նվիրումով: