Վրացական կողմի նախաձեռնությամբ մարտի 11-ին Թբիլիսիում կանցկացվի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրեր կնքած երկրների՝ Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի արտաքին գործերի փոխնախարարների եռակողմ հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, Վրաստանի մայրաքաղաք կայցելեն Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Օլյոնա Զերկալը եւ Մոլդովայից նրա պաշտոնակից Յուլիան Գրոզան. հանդիպմանը Վրաստանը կներկայացնի ԱԳ փոխնախարար Գիգի Գիգիաձեն:
«Հանդիպման նպատակն Ասոցացման օրակարգի հրատապ հարցերի քննարկումն Է: Հատուկ ուշադրություն կհատկացվի այն սպասումներին, որոնք կապված են «Արեւելյան գործընկերության»՝ ընթացիկ տարվա մայիսին Ռիգայում պլանավորված գագաթնաժողովի հետ: Ասոցացված գործընկերները միասնական դիրքորոշում կմշակեն Եվրամիությանը հետագա ինտեգրացման տեսակետից»,-մարտի 10-ին հաղորդել Է Վրաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Վրացական կողմը հուսով Է, որ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում որոշում կընդունվի Եվրամիության հետ Վրաստանի անայցագիր ռեժիմի մասին:
Պլանավորված այցի շրջանակներում քաղաքական կոնսուլտացիաներ են նախատեսված Ուկրաինայի եւ Մոլդովայի միջեւ: Նաեւ հանդիպում տեղի կունենա Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլիի հետ: Օտարերկրացի հյուրերը կծանոթանան Վրաստանում իրականացվող բարեփոխումներն: