ԻՊ-ը Հալեպի արևելյան հատվածում հարձակվել է քրդական ինքնապաշտապանական ուժերի կենտրոնի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, նրանք ականապատ մեքենա են պայթեցրել Սաուամիա Սարին ճամբարի մոտ: Պայթյունին հետևել է քրդական ուժերի հարձակումը, որի արդյունքում իսլամիստները հետ են քաշվել: Նախօրեին քրդական ինքնապաշտպանական ուժերն իրենց հսկողության տակ են առել Հալեպ-ալ Հասաքե ավտոճանապարհի մերձակայքում գտնվող 4 գյուղեր: Քրդական ուժերը շարունակում են հարձակումները Քոբանիի մերձակայքում գտնվող տարածքների վրա:

 

Սիրիական բանակը հաջողությամբ ռազմական գործողություններ է իրականացրել Դարաայի մարզում: Բանակն ամբողջությամբ հսկողություն է հաստատել Սուեյդայի Ռասմ Մուրթաա ալ Ֆարս կետի վրա՝ ոչնչացնելով մեծ թվով ահաբեկիչների և նրանց պատկանող զենքերը: Շրջանն ամբողջովին մաքրվել է ահաբեկիչներից, վնասազերծվել են տասնյակ պայթուցիկ սարքավորումներ, որոնք տեղադրել էին ահաբեկիչները նախքան հեռանալը:

 

Ավելի վաղ բանակը հսկողություն էր հաստատել Աբու Հարաթ գյուղի վրա՝ կտրելով ահաբեկիչների տարածվելու ճանապարհը: Ռիֆ Դիմաշկ մարզում բանակի ստորաբաժանումներից մեկը մեծ վնասներ է հասցրել ահաբեկչական խմբավորումներին՝ ոչնչացնելով պայթուցիկ սարքավորումների արտադրության գործարանը, որը գտնվում է Քաֆր Բատնա գյուղաքաղաքում: Նաև տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել: Բախումները շարունակվում են Արևելյան Ղուտայի շրջանում, Դարիա քաղաքում:

 

ԻՊ-ի ահաբեկիչները լուրջ վնասներ են կրել Դեր Զոր քաղաքի Շեյխ Յասին թաղամասում: Ավերվել է ահաբեկիչների թունելը, որի հետևանքով մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել: Հոմսի Թալբիսիա գյուղում ռազմական գործողությունների ժամանակ սպանվել է ԻՊ-ի ղեկավարներից մեկը: