«Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային լրատվամիջոցների առաջին էջերին» գրքում տեղ գտած նկարները կներկայացվեն ՀԲԸՄ «Ասպետներ»-ի նախաձեռնությամբ կազմակերպված ցուցահանդեսին: Այն տեղի կունենա 2015թ. ապրիլի 8-10-ը Լոս Անջելեսի Skirball մշակութային կենտրոնում:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքից: Եռօրյա ցուցահանդեսն ու «Ինչի ականատեսն էր աշխարհը մեկ դար առաջ» խորագրով դասախոսությունների շարքը բացառիկ հնարավորություն են համախմբելու բոլոր հայերին և ոչ միայն: Բոլոր միջոցառումներն անվճար են:
Ցուցահանդեսի մեկնարկը կսկսվի ՀԲԸՄ «Ասպետներ»-ի նախագահ դոկտոր Հարութ Յաղսեզյանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն դոկտոր Հայկ Դեմոյանի բացման խոսքով:
Ապրիլի 9-ին Ամստերդամի Պատերազմի, Հոլոքոսթի և ցեղասպանագիտության ինստիտուտի պրոֆեսոր դոկտոր Ուգուր Ումիթ Ունգյորը դասախոսություն կվարի Հայոց ցեղասպանության տնտեսական հետևանքների թեմայով: Ապրիլի 10-ին տեղի կունենա «Ստիպողաբար իսլամացված հայերը» թեմայով քննարկումը, որը կվարի ՀԲԸՄ «Ասպետներ»-ի նախկին նախագահ Գուրգեն Բերկսանլարը:
«Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային լրատվամիջոցների առաջին էջերին» գիրքը 260 էջանոց հատոր է, որը ներառում է էսքիզներ, նկարազարդումներ և լուսանկարներ՝ հրատարակված մի շարք միջազգային թերթերում 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը: Լուսանկարները հիմնականում բնութագրվում են հայերեն և անգլերեն լեզուներով:
Գիրքը հրատարակվել էր 2014թ. Երևանում:
Դոկտոր Դեմոյանը գրում է. «Հայերի հետապնդումների մասին այս հրատարակումները, որ հայտնվել են եվրոպական և ամերիկյան թերթերի առաջին էջերին, հատկապես հետաքրքիր են և մատնանշում են ժամանակին Հայոց ցեղասպանության արդիականությունը և հայերի հետ կատարվածն իմանալու պատրաստակամությունը»: