Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզում ձերբակալվել են հանցագործ խմբավորման 11 անդամ: Խմբի ղեկավարը 45-ամյա ադրբեջանցի քրեական հեղինակություն Ռահման Աբդուլլաեւն է:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները' հղում կատարելով ՌԴ ՆԳՆ Չելյաբինսկի մարզի գլխավոր վարչությանը:

 

Բոլոր ձերբակալվածները հանդիսանում են հանցավոր խմբավորման անդամներ, որը ղեկավարել էր մարտի 3-ին ձերբակալված ադրբեջանցի քրեական հեղինակություն Իլհամ Օսմանովը: Նշվում է, որ Ռահման Աբդուլլաեւը եղել է Ի. Օսմանովի «աջ ձեռքը»: ՌԴ ՆԳՆ Չելյաբինսկի գլխավոր վարչությունը Ի. Օսմանովին չելյաբինսկցի բիզնեսմենից 11 մլն 200 հազար ռուբլի շորթելու եւ Volkswagen Passat ավտոմեքենայի փաստաթղթերը գողանալու մեղադրանք է առաջադրել:

 

Ռուսաստանի ԶԼՄ-ների տվյալներով' 37-ամյա Ի. Օսմանովը համարվում է Հարավային Ուրալի գլխավոր քրեական հեղինակությունը: