Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին, որտեղ շեշտվում է, որ նախորդ դարասկզբին մեկ ու կես միլիոն հայեր սպանվել են Օսմանյան կայսրությունում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը բանաձեւում շեշտվում է, որ ապրիլի 24-ը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Քաղաքային խորհրդի ընդունած բանաձեւում նաեւ ասվում է, որ խորհուրդն աջակցում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին' ի նշան համերաշխության եւ հարգանքի Ցեղասպանության նահատակների եւ նրանց սերունդների:

 

«Այդ միջոցառումները ոչ միայն հիշատակի արարողություններ են, այլեւ դրանցով պետք է հարգվեն նրանց սերունդներն ու պետք է դատապարտվի մարդկության դեմ հանցագործությունը: Պատմական արդարությունը վեր հանվի»,- ասված է բանաձեւում:

 

«Տարիներ շարունակ Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդն իր աջակցությունն է ցուցաբերում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում եւ այդ հարցի առնչությամբ մշտապես կանգնած է հայ ժողովրդի կողքին»,- հայտարարել է ՀՅԴ Հայ դատի Հարավային ամերիկայի հանձնախմբի նախագահ Կարոլինա Կարագյոզյանը: