Ոստիկանության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը մարտի 12-ին կադրային փոփոխություններ կատարելու մասին հրամաններ է ստորագրել: Ոստիկանության պետի հրամանով' ոստիկանության փոխգնդապետ Լևոն Գաբրիելյանն ազատվել է ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության պետական պահպանության վարչության պետի տեղակալի պաշտոնում:
Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով' ոստիկանության մայոր Իգոր Օհանյանն ազատվել է ոստիկանության ներքին անվտանգության ծառայության պետի պաշտոնից և նշանակվել ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ: Բացի այդ, ոստիկանության փոխգնդապետ Արա Պողոսյանն ազատվել է ԼՂՀ ոստիկանության պետական պահպանության վարչության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության ներքին անվտանգության ծառայության պետ:
Ճանապարհային ոստիկանության անձնակազմին անձամբ ներկայացնելով նորանշանակ վարչության պետ, ոստիկանության մայոր Իգոր Օհանյանին' ոստիկանության պետը շնորհակալություն է հայտնել փոխգնդապետ Լևոն Գաբրիելյանին անձնվեր և բարեխիղճ ծառայության համար ու հույս հայտնել, որ ճանապարհային ոստիկանության անձնակազմը այսուհետ էլ ավելի եռանդով և սկբունքայնորեն կիրականացնի իր առջև դրված խնդիրները:
Եվս մեկ անգամ ճանապարհային ոստիկանության ծառայողներին խստագույնս պատվիրելով անզիջում և անկողմնակալ գտնվել անսթափ վիճակում, առանց վարորդական իրավունքի, ինչպես նաև սահմանված արագության գերազանցմամբ տրանսպորտային միջոցները վարողների նկատմամբ' ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը պահանջել է պահպանել օրենքի տառը ու անկեղծ հոգատարություն ցուցաբերել քաղաքացիների, առավել ևս տարեցների, զինծառայողների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանդեպ: «Հոգատար և սրտացավ եղեք քաղաքացու հանդեպ. նորից եմ հիշեցնում և սթափության կոչ հղում ձեզ: Պատկերացրեք ձեզ ձեր դիմաց կանգնած վարորդի փոխարեն: Դուք կոչված եք ապահովելու երթևեկության անվտանգությունը, ասել է թե՝ հասարակության կյանքն ու առողջությունը: Այս խնդրում նույնիսկ աննշան շեղումն ու թերացումը ճակատագրական է մի ամբողջ ընտանիքի համար, այդ ողբերգության մեջ դուք ևս ունեք ձեր մեղքի բաժինը ու եթե կարողանաք ամբողջությամբ ընկալել և գիտակցել այդ ցավը, ապա համոզված եմ, որ կվերանայեք նաև ձեր մոտեցումներն իրավախախտ վարորդի հանդեպ»,- եզրափակել է ԼՂՀ ոստիկանության պետը:
ԼՂՀ ոստիկանության պետական պահպանության վարչության նորանշանակ պետի տեղակալին վարչության անձնակազմին է ներկայացրել ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը: Շնորհավորելով ոստիկանության փոխգնդապետեր Լևոն Գաբրիելյանին և Արա Պողոսյանին պատասխանատու պաշտոններում նշանակվելու առթիվ' ոստիկանության պետի տեղակալը հույս է հայտնել, որ նրանք կարդարացնեն իրենց հանդեպ ոստիկանության ղեկավարության տածած վստահությունը և նոր եռանդով ու ուժերի գերլարումով կլծվեն հանուն իրավակարգի ծառայության: