Թուրքիայի կառավարությունը երկրում քրդական խնդրի լուծման հետ կապված 3 ժամ տևողությամբ գաղտնի խորհրդակցություն է անցկացրել:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները' նշելով, որ մարտի 11-ի երեկոյան տեղի ունեցած հավաքից հետո թուրքական կառավարությունը որևէ հաղորդագրություն չի տարածել:

 

 

Գաղտնի խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, նրա 4 տեղակալները, արդարադատության, ներքին և արտաքին գործերի, պաշտպանության նախարարները, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը, վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, Ազգային հետախուզական ծառայության պետը և կառավարության այլ անդամներ:

 

 

Թուրքիան երկրում քրդական խնդիրը լուծելու մտադրության մասին հայտարարել էր երկու տարի առաջ, սակայն անցած ժամանակաշրջանում այդ ուղղությամբ որևէ կոնկրետ քայլ չի կատարել: Ցմահ ազատազրկված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ անցկացված բանակցությունների արդյունքում Անկարան հայտարարել է, որ խնդրի կարգավորման հետ կապված քայլեր կկատարվեն այն դեպքում, եթե PKK-ն հրաժարվի զինված պայքարից և վայր դնի զենքը:

 

 

PKK-ի զինված թևի երեք առաջնորդները մարտի 11-ին կազմակերպած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել են, ո ր կարող են համաձայնվել այդ առաջարկությանը, եթե Անկարան ազատ արձակի իրենց առաջնորդ Օջալանին: