Շաբաթ օրը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Թուրքիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև տեղի է ունեցել պատմական երկկողմ հանդիպում, գրում է Anadolu-ն։
Լրագրողների հետ զրույցում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը որակել է՝ որպես «չափազանց արդյունավետ և կառուցողական»։
Չավուշօղլուն նաև նշել է, որ Ադրբեջանը աջակցում է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Իր հերթին, հայ նախարարն ասել է, որ Հայաստանը վճռական է ջանքեր գործադրելու տարածաշրջանում խաղաղության և կայունության համար և աշխատում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Թուրք-հայկական հարաբերությունները թևակոխեցին նոր փուլ այն բանից հետո, երբ երկու երկրները նշանակեցին հատուկ ներկայացուցիչներ, որոնք իրենց առաջին հանդիպումն անցկացրին հունվարի 14-ին՝ Մոսկվայում, գրում է պարբերականը։
Թուրքիայի և Հայաստանի բանագնացներ Սերդար Քըլըչը և Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 24-ին Վիեննայում անցկացրեցին իրենց երկրորդ հանդիպումը և «վերահաստատեցին իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը՝ առանց նախապայմանների», հավելում է Anadolu-֊ն։