Թուրքիայի անդամակցության հարցն այսօր ներառված չէ Եվրոպական միության օրակագրում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը: «Երկու կողմերը, ցավոք սրտի, շատ հեռացել են իրարից: Իմ կուսակցությունը կողմ էր, որ Թուրքիային Եվրոպական միության անդամ դառնալու հնարավորություն տրվեր և նրան վերաբերվեին հավասարի պես' անկախ կրոնից, եթե Թուրքիան իրականացներ «Կոպենհագենյան չափանիշները»: Մենք կարծում ենք, որ կրոնը չափանիշ չի կարող լինել անդամակցության համար»,- ասաց Գերմանիայի խորհրդարանի ազգությամբ թուրք պատգամավորը:

 

Եվրոպական միության անդամակցության քաղաքական չափանիշներով' հավակնորդ երկրից պահանջվում է ապահովել ժողովրդավարության, օրենքի իշխանության, մարդու իրավունքների և փոքրամասնությունների պաշտպանության կայունությունը: Ջեմ Օզդեմիրը միաժամանակ նկատում է' ԵՄ-ին միանալուց առաջ Թուրքիայում պետք է լուծվեն նաև խոսքի ազատության խնդիրները: «Թուրքիայի քաղաքացիները պետք կարողանան ցեղասպանությունը «ցեղասպանություն» անվանել: Խոսքի ազատության իրավունքը ենթադրում է նաև կարծիք ների բազմազանություն:

 

Ակնհայտ է, որ Հրանտ Դինքի սպանությունը տեղի ունեցավ նրա արտահայտած հայացքների ու կարծիքների համար, քանի որ նա ցանակնում էր փոխել Թուրքիայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ»,- ասաց նա' հավելելով, որ Թուրքիայի շահերից է բխում նաև Հայաստանի հետ սահմանի բացումը, քանի որ «բաց սահմանի պարագայում շատ ավելի հեշտ է բանակցել, այդ թվում նաև' Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ»:

 

Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի պատվիրակության կազմում է նաեւ նույն կուսակցության անդամ տիկին Դելիգյոզը: Նրանք այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին : Պատվիրակությանն ընդունել է նաեւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Օզդեմիրը բացառիկ հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին' խոսելով Թուրքիայի ու Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին: