Ճապոնիայի Միյագի պրեֆեկտուրայի Սենդայ քաղաքում այսօր իր աշխատանքն է սկսել Աղետների վտանգավորության նվազեցման հարցերով ՄԱԿ-ի երրորդ համաշխարհային համաժողովը, որին մասնակցում է ավելի քան 160 երկիր: Համաժողովին մասնակցում է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

«Այն, ինչ մենք ծրագրում ենք քննարկել այս համաժողովի շրջանակում, իրականություն է ողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց համար»,- բացման խոսքում ասել է Պան Գի Մունը:

 

ՄԱԿ-ի գնահատականներով'մոլորակում տարերային աղետների տարեկան վնասի չափը հասնում է 300 մլրդ դոլարի: Պան Գի Մունի խոսքով' եթե ամեն տարի 6 մլրդ դոլար հատկացվի աղետների վտանգավորության կանխման և նվազեցման հետ կապված ծրագրերի աջակցմանն ու զարգացմանը, դա կօգնի մինչ 2030 թվականը նվազեցնել ծախսերը մինչև 360 մլրդ դոլար:

 

Համաժողովի գլխավոր արդյունքը պետք է դառնա առաջիկա 10 տարվա համար նախատեսված գործողությունների շրջանակային ծրագրի ընդունումը: