Վերջին տարիներին տարերային աղետների հետեւանքով մահացության մակարդակը զգալիորեն իջել Է մի քանի երկրներում, սակայն տնտեսական կորուստները գերազանցել են տարեկան 200 մլրդ դոլարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Շրջանակային ծրագրի ընդունման 10-րդ տարեդարձի կապակցությամբ ՄԱ Կ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ուղերձում:
Ուղիղ տասը տարի առաջ աշխարհի երկրների ղեկավարներն ընդունեցին տարերային աղետների հետեւանքների մեղմացման գործողությունների շրջանակային ծրագիրը: Այն յուրատասակ պատասխան դարձավ Հնդկական օվկիանոսում մոլեգնած ցունամիին: 2004 թվականին Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած ստորջրյա երկրաշարժը ցունամիի աննախադեպ ալիք առաջացրեց, որը պատուհասեց ծովափը՝ Ինդոնեզիայից մինչեւ Սոմալի, եւ շուրջ 227 հազար մարդու կյանք խլեց:
«Տասը տարի առաջ այս օրը՝ Հնդկական օվկիանոսում ցունամիից տառացիորեն չորս շաբաթ հետո, ՄԱԿ-ի անդամ 168 պետությունների ներկայացուցիչներ հավաքվեցին Կոբեում (Ճապոնիայի Հեգոյի պրեֆեկտուրա) եւ ընդունեցին տարերային աղետների հետ կապված ռիսկերի կառավարման գործողությունների գլոբալ ծրագիր»,-նշվում Է ուղերձում:
Պան Գի Մունն ասել Է, որ այն ժամանակվանից տարերային աղետների հետեւանքները մեղմացնելու լուրջ միջոցներ են ձեռնարկվել: «Այսօր հազարավոր մարդիկ ողջ են վաղ նախազգուշացման համակարգերի կատարելագործման, եղանակի կանխատեսման ծառայությունների աշխատանքի բարելավման, վտանգի մասին տեղեկացման համակարգերի ամրապնդման եւ տարերային աղետների ուսումնասիրման շնորհիվ»,-ընդգծել Է նա:
Դրա հետ մեկտեղ, ինչպես գրում Է «Ինտերֆաքս» գործակալությունը, ՄԱԿ-ի ղեկավարը նշել Է, որ այդ ուղղությամբ դեռեւս կան բազմաթիվ չլուծված խնդիրներ: 2005 թվականի հունվարին Գործողությունների շրջանակային ծրագրի ընդունման պահից գրանցվել են 3400 տարերային աղետներ՝ երկրաշարժեր, ջրհեղեղներ, փոթորիկներ եւ այլ աղետներ, որոնք հանգեցրել են 750 հազար մարդու զոհվելուն: Մահվան այս բոլոր դեպքերի մոտավորապես 90 տոկոսը բաժին Է ընկնում զարգացման ցածր ու միջին մակարդակ ունեցող երկրներին: