Ադրբեջանի ընդդիմադիր եւ ժողովրդավար ուժերի «Ազգային խորհուրդ» դաշինքը կիրակի «Հակազգային իշխանություն» թեմայով բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել Բաքվում, որում անդրադարձել է իշխանությունների կոռուպցիային եւ երկրում շարքային քաղաքացիաների ծանր տնտեսական վիճակին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, ընդդիմության տվյալներով, հանրահավաքին մասնակցել են 10 հազար մարդ (պաշտոնական տվյալներով' 4-5 հազար մարդ), որպեսզի բողոք հայտնեն երկրի նախագահ Իլհամ Ալիեւի վարչակարգի ձախողված տնտեսական քաղաքականության դեմ:

 

Անդրադառնալով իշխանությունների հանցավոր քաղաքականությանը' Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին իր ելույթում ասել է. «Իշխանությունների հանցավոր քաղաքականությունը, ինքնագովազդի ձգտումը եւ անմիտ քայլերը հանգեցրել են նրան, որ նրանք որոշել են 8 մլրդ մանաթ բյուջեով անիմաստ օլիմպիադա անցկացնել, որը կազմում է երկրի պետբյուջեի գրեթե կեսը: Այդ հսկայական միջոցները կարելի էր ուղղել լուրջ սոցիալական եւ տնտեսական խնդիրների լուծմանը, նվազագույն թոշակների եւ աշխատ ավարձերի բարձրացմանը, որոնք կազմում են 150 մանաթ: Իշխանությունների քաղաքականության ձախողման մասին խոսում է մանաթի 34 տոկոսվ արժեզրկումը: Չնայած Իլհամ Ալիեւի հրապարակավ խոստմանը, որ մանաթի կուրսը չի փոխվելու, իրենց ձախողված քաղաքականության վնասները իշխանությունները ջանում են դնել ժողովրդի ուսերին: Որպեսզի վերջ դրվի այդ բոլոր ապօրինություններին, եւ ժողովուրդն ազատվի իշխող ընտանիքի 20-ամյա լծից, մենք պետք է միասնական եւ ակտիվ լինենք, բողոքի ակցիաների շարք սկսենք, որպեսզի ցույց տանք , որ իշխանությունը պատկանում է ժողովրդին», -ասել է Քերմլին:

 

Ժողճակատի առաջնորդի առաջարկին միտինգավորներն արձագանքել են «Վերջ դնել թալանին»,»Գողական իշխանություն, հեռացիր», «Հրաժարական» լոզունգներով:

 

Իր ելույթում «Ազգային խորհուրդ»-ի ղեկավար Ջամիլ Հասանլին խոսել է այն մասին, որ իշխանությունները Ադրբեջանը վերածել են քրեականության եւ գողության, կոռուպցիայի եւ ստի կենտրոնի:

 

«Դուք կեղծել եք ընտրությունները, դուք վեհացրել եք սուտը' ստեղծելով ծախու եւ պարզունակ վարկանիշ ունեցող երկիր: Այդ բոլորի հետեւում կանգնած է Իլհամ Ալիեւը, եւ նա պետք է պատասխան տա», -ասել է Հասանլին, ում ելույթին մասնակիցները պատասխանել են «Հրաժարական» բացականչություններով:

 

Ջ. Հասանլին ասել է, որ մանաթի 34 տոկոս էժանացումով իշխանություններն ավտոմատ կերպով նույն չափով մեծացրել են վարկերը եւ պահանջում են դրանք բանկերին մարել դոլարով, որոնց 80 տոկոսը պատկանում է Ալիեւների ընտանիքին:

 

Հանրահավաքի արդյունքներով միտինգի բանաձեւ է ընդունվել, որում նշվել է, որ արժեզրկելով մանաթը' իշխանությունները խաբել են ժողովրդին' չնայած երաշխավորել էին, որ դա տեղի չի ունենա: Այդ պատճառով իշխանությունները պետք է բնակչությանը փոխհատուցեն այդ կորուստները' մեծացնելով աշխատավարձերն ու թոշակները, նվազեցնեն վարկերի տոկոսները, վերջ դնեն կոռուպցիային եւ մենատիրությանը:

 

«Ազգային խորհուրդ»-ը վերջին հանրահավաքն անցկացրել էր 2014 թվականի նոյմեբերի 9-ին, որում պահանջել էր ազատ արձակել քաղբանտարկյալներին: