Բրյուսելում մարտի 19-ին մեկնարկում է Եվրամիության 28 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Եվրոպայի ղեկավարների հանդիպման ընթացքում բանավեճ կանցկացվի ՌԴ-ի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների երկարաձգման նպատակահ արմարության եւ ԵՄ-ի էներգամիության ստեղծման հեռանկարի շուրջ:
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը գագաթնաժողովում ԵՄ-ի երկրներին կառաջարկի «աջակցել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարացմանը, քանի դեռ չեն կատարվել Մինսկի պայմանավորվածությունները», ասել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը: «Պետք է փոխկապակցվեն Մինսկի համաձայնությունների լիակատար կատարումը եւ պատժամիջոցների պահպանումը»,- նշել է նա:
Ընդսմին արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը ընդունել է, որ ԵՄ-ի մի շարք երկրներ սխալ են համարում ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը: Եվրոպացի դիվանագետը չի նշել կոնկրետ պետություններ, սակայն, ըստ առկա տեղեկատվության, պատժամիջոցների երկարացմանը դեմ են Կիպրոսը, Հունաստանը, Սլովակիան, Հունգարիան, Ավստրիան, Իսպանիան եւ Իտալիան: Նաեւ այդ հարցում առանձնակի էնտուզիազմ չեն դրսեւորում Լյուքսեմբուրգը եւ Մալթան:
Ինչ վերաբերում է ԵՄ-ի էներգամիությանը, ԵՄ-ի 28 երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարները պետք է հաստատեն դրա ստեղծման հայեցակարգը, որը, մասնավորապես, նախատեսում է Բրյուսելի կողմից այն բոլոր միջկառավարական համաձայնագրերի ստուգումը, որոնք կնքվում են Եվրամիության պետությունների եւ էներգիայի ու էներգառեսուրսների արտաքին մատակարարների միջեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: