Բրյուսելում հունիսի 26-ին մեկնարկում է Եվրամիության երկօրյա գագաթնաժողովը, որի ընթացքում կքննարկվեն Ուկրաինայի իրադրությունը եւ Եվրամիության նոր ղեկավարության նշանակումը: Գագաթնաժողովի գլխավոր աշխատանքային օրը կդառնա հունիսի 27-ը, որը կսկսվի Մոլդովայի եւ Վրաստանի հետ ասոցացման համաձայնագրերի եւ Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական բլոկի ստորագրման արարողությամբ:
Այնուհետեւ, արդեն առանց գործընկեր երկրների ղեկավարների, Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը, Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու նպատակահարմարության հարցը, ինչպես նաեւ Եվրամիությունում զբաղվածության մեծացման եւ տնտեսական աճի հնարավորությունները: Բացի այդ, ԵՄ-ի ղեկավարները վերջնականապես կհաստատեն 2015 թվականի հունվարի 1-ից Լիտվային եվրոյի գոտում ընդունելու որոշումը:
Ինչ վերաբերում է հունիսի 26-ին, ապա, ավանդույթին հակառակ, ԵՄ-ի 28 երկրների ղեկավարները երեկոյան կհավաքվեն ոչ թե Եվրախորհրդի կենտրոնակայանում՝ Բրյուսելի Եվրաթաղամասի «Յուստուս Լիփսիուս» պալատում, այլ Բելգիայի Իպր քաղաքում, որտեղ հիշատակի միջոցառում կանցկացվի առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու 100-ամյա տարեդարձի կապակցությամբ:
Գագաթնաժողովի առաջին օրը կավարտվի պետությունների ու կառավարությունների ղեկավարների ոչ պաշտոնական ընթրիքով, որը փակ ռեժիմով տեղի կունենա Իպրի քաղաքապետարանում: Դրա ընթացքում կարծարծվեն առաջիկա հինգ տարում, այսինքն՝ նոր գումարման Եվրահանձնաժողովի եւ Եվրախորհրդարանի աշխատանքի ժամանակաշրջանում, Եվրամիության գերակայությունները: Սակայն Եվրահանձնաժողովի նոր կազմը դեռ պետք է ձեւավորվի, իսկ մինչ այդ ԵՄ-ի ղեկավարները պետք է որոշեն Եվրամիության հանգուցային ղեկավար պաշտոնների թեկնածուներին: Այդ հարցը գլխաավորը կդառնա ներկայիս գագաթնաժողովում, եւ դրա շուրջ քննարկումները կսկսվեն արդեն այսօր:
Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում Ժոզե Մանուել Բառոզուին՝ 2014-2019 թվականներին ԵՀ-ի ղեկավարին, փոխարինելու գլխավոր հավակնորդը Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան Կլոդ Յունկերն է: Լիսաբոնի 2009 թվականի պայմանագրի համաձայն՝ պետությունների ղեկավարները Եվրահանձնաժողովի նախագահին նշանակելիս «պետք է ուշադրության առնեն Եվրախորհրդարանի արդյունքները»:
Յունկերը թեկնածու է նոր գումարման Եվրախորհրդարանի խոշորագույն խմբակցությունից՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունից: Նրա թեկնածությունն ավելի կամ պակաս չափով այսօրվա դրությամբ պաշտպանում են բոլոր պետությունների ղեկավարները, բացառությամբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի:
Եվրախորհրդի նախագահի պաշտոնի ֆավորիտը սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչ Դանիայի վարչապետ Հելլե Տոռնինգ Շմիտն է, որը ժողովրդականություն է վայելում եվրոպական միջավայրում: Եվրամիության ղեկավարները ձգտում են բարձրագույն պաշտոններում պահպանել հավասարակշռությունը Եվրամիության քաղաքական կուսակցությունների, տղամարդկանց ու կանանց, Եվրոպայի տարբեր աշխարհագրական տարածաշրջանների ներկայացուցիչների միջեւ: Բոլոր այդ չափանիշներով Դանիայի վարչապետը կարող է լավ «զույգ» կազմել Յունկերի հետ: Տոռնինգ Շմիտն ինքը արդեն քանիցս հայտարարել է, որ նախընտրում է մնալ Դանիայի կառավարության ղեկավար, սակայն դիտորդներից շատերը, ներառյալ նրա կուսակցիները, այն կարծիքին են, որ Շմիտը կարող է փոխել իր կարծիքը, եթե ուղղակի առաջարկ ստանա ԵՄ-ից: Ի դեպ, այդ պաշտոնի «պահեստայինների նստարանին է» Իտալիայի նախկին վարչապետ Էնրիկո Լետան, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: