«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
2 ժամ մարտական գործողություններ են եղել. ԼՂՀ ՊԲ-ն լուսանկարներ է հրապարակել
Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում:
Համաձայն ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից հաստատված տեղեկությունների, արդեն հայտնի են ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ երկու սպանվածների և մեկ վիրավորի տվյալները: Սպանվածներից մեկի ազգանունը Հյուսեյնով է, մյուսի անունը Ջեյհուն, իսկ վիրավորներից մեկի անունը Էլշադ:
Հավելենք նաև, որ հակառակորդը մարտադաշտում է թողել տարբեր տեսակի զենք ու զինամթերք, այդ թվում АК տիպի ինքնաձիգ' իսրայելական արտադրության գիշերային տեսանելիության նշանոցով և խլացուցիչով, սակրավորի հատուկ հանդերձանք, 4 հատ "Муха" տիպի նռնականետ, հարձակողական նռնակներ, փամփուշտի պահունակներ, մեծ քանակության օգտագործված ներարկիչներ, որոնք ամենայն հավանականությամբ կիրառվել են վիրավորներին ցավազրկելու նպատակով:
Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: Վիրավորները հոսպիտալացվել են: Նրանց ցուցաբերվել է համապատասխան բժշկական միջամտություն: Երկու զինծառայողների վիճակը կայուն ծանր է, իսկ մյուսների կյանքին վտանգ չի սպառնում:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Կառավարությունը հաստատեց. Ցեղասպանությունը վերապրածների ամսական օգնության չափը սահմանվեց 100 հազար դրամ
Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին տրվող ամսական դրամական օգնության չափը քսանհինգ հազար դրամի փոխարեն Հայաստանի կառավարությունը սահմանեց հարյուր հազար դրամ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության այսօրվա նիստում ասաց, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2015 թվականի ապրիլի մեկից:
Այս դեպքում անհրաժեշտ կլինի ՀՀ պետական բյուջեից հատկացնել լրացուցիչ ամսական շուրջ 2.5 մլն դրամ կամ տարեկան մոտ 30 մլն դրամ: 2015 թվականի համար տարեկան լրացուցիչ գումարը ապրիլ-դեկտեմբերի (9 ամիս) համար կկազմի 22.3 մլն դրամ, որը հնարավոր կլինի ֆինանսավորել ՀՀ 2015 թ. պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված չափաքանակների շրջանակներում' ներքին խնայողությունների հաշվին:
***
Քրեական տարրերն արտագաղթում են Հայաստանից. Ռաֆոն ու Տույը երկրում չեն
Armlur.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը ճնշումների է ենթարկում քրեական աշխարհի ներկայացուցիչներին: Նաև գրել էինք, որ նրանցից ոմանք արդեն գաղթի ճանապարհն են բռնել:
Այսօր մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ ոստիկանության կիրառած ճնշումների արդյունքում անցած գիշեր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Հայաստանը լքել է «օրենքով գող» Ճակոյի եղբայրը՝ «օրենքով գող» Ռաֆոն:
Մանրամասներն՝ այստեղ:
***
Մահացել է Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Վլադիմիր Դարբինյանը
Կյանքից հեռացել է Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Վլադիմիր Դարբինյանը:
Վլադիմիր Դարբինյանը ծնվել է 1931 թվականին, Իջևանի շրջանի Աչաջուր գյուղում: Երևանի պետական համալսարանի պատմության, այնուհետև իրավաբանական ֆակուլտետներն ավարտելուց հետո նա անցել է կուսակցական աշխատանքի: 1969 թվականից մինչև 1975 թվականը Վլադիմիր Դարբինյանը Հայաստանի ներքին գործերի նախարարն էր:
Ներքին գործերի նախարարության և նրա ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նրա պաշտոնավարության տարիներին մի շարք կարևորագույն խնդիրներ լուծվեցին, մասնավորապես, կադրային, նյութատեխնիկական բազայի և համակարգի աշխատողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման բնագավառներում: Զգալի աշխատանք կատարվեց ներքին գործերի շրջանային բաժինները և նախարարության վարչությունները տեխնիկական միջոցներով հագեցնելու ուղղությամբ: Մշտապես ուշադրության կենտրոնում էր հանցագործությունների կանխարգելման, հասարակական կարգի պահպանման խնդիրը:
Հետագայում Վլադիմիր Դարբինյանը մի շարք պատասխանատու պաշտոններ վարեց՝ Արդարադատության նախարարի տեղակալ, Հանրապետության իրավաբանների միության նախագահ, Սարդարապատի հուշահամալիրի գլխավոր տնօրեն:
Բարձր պատասխանատվության, կատարողական կարգապահության, հաջողությունների վկայությունը շքանշաններն ու բազմաթիվ մեդալներն են, որոնց նա արժանացել է աշխատանքային գործունեության ընթացքում:
Պետական մտածողությամբ քաղաքացու, օրինակելի մարդու, լավ ընկերոջ հիշատակը միշտ կմնա նրան ճանաչողների սրտերում:
***
ԲՀԿ խմբակցության ղեկավար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը
Ինպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը Ազգային ժողովում մեկնարկել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստը, որից հետո հայտնի կդառնան խմբակցության ղեկավարի և քարտուղարի անունները:
Նիստին մասնակցում են ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Ստեփան Մարգարյանը, Միքայել Մելքումյանը, Ռուբեն Գևորգյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը, Արա Արամյանը, Գուրգեն Արսենյանը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, քարտուղար՝ Վահե Էնֆիաջյանը:
***
Պուտինի' Երևան այցի ամսաթիվը քննարկվում Է. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան ուղեւորության ամսաթիվը քննարկվում Է, այդ հարցն օրակարգում Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, մարտի 19-ին Մոսկվայում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել Է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահ Պուտինի՝ Երեւան այցի հարցն օրակարգում Է: Այն նախապատրաստվում Է եւ քննարկվում: Այն բանից հետո, երբ ուղեւորության ստույգ ամսաթիվը կորոշվի ու կհաստատվի, մենք իսկույն այդ մասին կհայտնենք»,-ասել Է Պեսկովը:
***
Արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է. Դավիթ Բաբայան
Արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակն արդեն մի քանի օր լարված է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ արդեն մի քանի օր է սահմանին լարված է եւ հակառակորդը տարբեր ուղղություններով խախտում է հրադադարի ռեժիմը:
«Այո, արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է, հակառակորդը խախտում է հադադարի ռեժիմը: Իսկ մնացյալ հարցերի կապակցությամբ խորհուրդ տամ սպասել ԼՂՀ ՊԲ պաշտոնական հաղորդագրությանը»,- ասաց Դավիթ Բաբայանը:
ԶԼՄ-ներով տեղեկություն է շրջանառվում, որ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով ղարաբաղյան կողմը մարտի 19-ին երեք զոհ է ունեցել:
***
ԱԳՆ. այս արկածախնդիր վարքագիծը լուրջ վտանգ է տարածաշրջանի անվտանգության և կայունության համար
ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի մեկնաբանությունը Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ
Խստորեն դատապարտում ենք մարտի 19-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղաբարաղ - Ադրբեջան շփման գծի ուղղությամբ դիվերսիոն ներխուժման փորձերը, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Խորին ցավակցություն ենք հայտնում զոհված զինվորների ընտանիքներին և ծառայակիցներին:
Բաքուն հերթական անգամ իր բացահայտ արհամարհանքն է ցուցադրում միջազգային հանրության հորդորներին' ձեռնպահ մնալու իրավիճակը սրող քայլերից և հայտարարություններից։
Ակնհայտ է, որ այս արկածախնդիր վարքագիծը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։
Սադրիչ գործողությունների հետևանքով սրված իրավիճակի անմիջական պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա: