Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 6,5 մ բարձրությամբ խաչքար-հուշակոթող է կառուցվում Արարատի մարզի Վանաշեն համայնքում' համայնքային բյուջեի միջոցներով: Խաչքար-հուշակոթողի շրջակայքում այժմ կատարվում են կանաչապատման, ծաղկապատման, բարեկարգման աշխատանքներ: Հուշակոթողը կառուցված է ընդարձակ հրապարակում:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գյուղապետ Արտաշես Գրիգորյանը նշեց, որ հուշակոթողի կառուցումը խիստ խորհրդանշական է. 1915 թվականին մազապուրծ եղած վանեցիները եւ սասունցիները եկել եւ բնակություն են հաստատել Արարատի մարզի Թայթան գյուղում: Սակայն, չմոռանալով իրենց դրախտավայր Վանը եւ հզոր Սասունի բնաշխարհը' բնակիչներն իրենց Էրգրի կարոտն անթեղեցին Վանաշեն նոր անվան մեջ:
Վանաշենն իսկապես դարձավ շեն բնօրրան. գյուղն այսօր ունի շուրջ 2500 բնակիչ, դպրոց, արդիական չափանիշներին համապատասխան մանկապարտեզ, հիմնանորոգված գյուղապետարան, մշակույթի տուն, գրադարան: Այնտեղ գործում են մարզական տարբեր խմբակներ, ինչպես նաեւ երգի-պարի համույթ:
Երիտասարդ գյուղապետ Արտաշես Գրիգորյանը, ի թիվս շատ երազանքների ունի կարեւորագույն մի իղձ. Վանից կամ Սասունից հարսնացու ընտրել, եւ իր սասունցի հոր կամքով ստեղծել ավանդապաշտ ընտանիք, որտեղ կծնվեն բազմաթիվ հայորդիներ' ի հեճուկս բիրտ ուժի, որը գաղթի ճանապարհին մորթել է իրենց հարազատներին:
Լիլիթ Մաճկալյան