Գյումրիում հունվարի 12-ին սպանդի ենթարկված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներ Երեմ Սարգսյանը, Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը ներկայացրեցին դատաձգաբանական և դատակենսաբանական փորձաքննությունների արդյունքները:

 

«Ըստ դատաձգաբանական փորձաքննության' Ավետիսյանների տանը հայտնաբերված զենքից է կատարվել հանցագործությունը, և այդ հրազենն ամրակցված է եղել Վալերի Պերմյակովին: Բացի այդ' դեպքի վայրում հայտնաբերված 28 պարկուճները նույնպես պատկանել են նույն զենքին, այսինքն' ստացվում է, որ Ավետիսյանների ընտանիքի անդամներին սպանել են նույն հրազենով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ մարտի 20-ին կայացած հանդիպմանը հայտնեց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը և հավելեց, որ յուրաքանչյուր կրակոցից գնդակի և պարկուճի վրա մնում է մի տեսակի նախշ, որը չի կարող համընկնել մեկ այլ հրազենից արձակած գնդակին: «Ինչպես մատնահետքերով կարելի է մարդուն ճանաչել, նույն ձևով կարելի է գնդակների և պարկուճների նախշերով հայտնաբերել հրազենը»,- պարզաբանեց նա:

 

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը նշեց, որ դատակենսաբանական փորձաքննությունների արդյունքներով' Ավետիսյանների տանը թողնված զինվորական հագուստի ու կոշիկների վրա եղած քրտինքի և Պերմյակովի քրտինքը խմբային պատկանելիությամբ համընկել են: «Ներկա պահին ամենակարևորը գենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքներն են, որոնց հիման վրա պարզ կդառնա' արդյոք դեպքի վայրում գտնված հագուստի վրայի քրտինքը, մազերը պատկանո՞ւմ են Պերմյակովին, թե ոչ»,- շեշտեց նա:

 

Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը նկատեց, որ առաջիկայում միջնորդություն է ներկայացնելու ՀՀ քննչական կոմիտե, որպեսզի դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսները ճանաչման ներկայացվեն Ավետիսյանների տուժողների իրավահաջորդներին: «Վալերի Պերմայկովի մոտ գտնված բջջային հեռախոսները ներկայումս ռուսական կողմի տրամադրության տակ են: Մենք ունենք միայն մեր բջջային օպերատորների տրամադրած տեղեկությունները»,- նշեց նա և հավելեց, որ քրեական գործի քննության այս փուլում բջջային հեռախոսների խոսակցությունների վերծանությունը դեռևս չի տրամադրվելու:

 

Ավետիսյանների իրավահաջորդները ընդգծեցին, որ դեռևս խոսք չկա Պերմյակովին հայկական կողմին հանձնելու մասին: «ՀՀ դատախազը խնդրել է ռուսական կողմին քրեական գործի վարույթը փոխանցել մեզ, իսկ Պերմյակովին հանձնելու պահանջ չի եղել։ Իրավաբանական առումով քրեական գործի քննության այս փուլում հանձման պահանջ պետք չէ ներկայացնել»,- հավելեց Լուսինե Սահակյանը։

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

 

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանություն) Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները նրան մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: