Հունաստանն առաջիկա օրերին կներկայացնի բարեփոխումների կոնկրետ ցանկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Եվրախորհրդի, Եվրահանձնաժողովի և Եվրախմբի ղեկավարներ Դոնալդ Տուսկի, Ժան Կլոդ Յունկերի և Երուն Դեյսելբլումի համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է Բրյուսելում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիտրաս ի հետ կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ:

 

 

«2015 թվականի փետրվարի 20-ին Եվրախմբի հետ ձեռք բերված համաձայնության շրջանակներում Հունաստանի իշխանություններն առաջիկա օրերին կներկայացնեն կոնկրետ բարեփոխումների ամբողջական ցուցակը»,-նշվում է փաստաթղթում:

 

 

ԵՄ-ի ղեկավարներն ընդգծել են, որ «լիովին պաշտպանում են 2015 թվականի փետրվարի 20-ի համաձայնությունները», երբ սկզբունքային պայմանավորվածություն ձեռք բերվեց Հունաստանին ցուցաբերվող օգնության երկրորդ ծրագիրը չորս ամսով երկարացնելու շուրջ:

 

 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Հունաստանի վարչապետի նախաձեռնությամբ ԵՄ-ի գագաթնաժողովի առաջին օրվա ավարտից հետո Տուսկը Յունկերը, Դեյսելբլումը, ինչպես նաև Եվրոպայի կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին, ԳՖՀ-ի կանցլերի Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը «նեղ կազմով» հանդիպում են անցկացրել Հունաստանի խնդրի շուրջ: Գիշերային բանակցությունները տևել են շուրջ չորս ժամ: