Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է արել հեղաշրջման փորձ ձեռնարկած թուրք զինվորականների կողմից իրենց երկրում վայրէջք կատարած ռազմական ուղղաթիռի վերադարձի առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հունական կողմի հայտարարության մեջ նշվում է, որ իրենք անմիջապես Թուրքիային են վերադարձնելու թուրքական ռազմական ուղղաթիռը: Ինչ վերաբերում է ուղղաթիռում գտնված յոթ զինվորականին և մեկ քաղաքացիական անձին, ովքեր ապաստանի խնդրանքով են դիմել Հունաստանին, զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ նրանց մասին հայտարարություն կանեն լիազոր մարմինները:
Հունաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայում հեղաշրջում իրականացնելու փորձ ձեռնարկած յոթ թուրք զինվորի և մեկ քաղաքացիական անձի տեղափոխող ռազմական ուղղաթիռը վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևելքում գտնվող Ալեքսանդրապոլիս քաղաքում: Ուղղաթիռի ուղևորները Հունաստանից ապաստան են խնդրել: Նրանք ձերբակալվել են Հունաստանի տարածք ապօրինի մուտք գործելու համար:
Նախարարությունից հայտնել էին, որ տեղական ժամանակով 10.45 ուղղաթիռն աղետի ազդանշան է տվել, ինչից 6 րոպե անց այն վայրէջք է կատարել:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դեպքի հետ կապված հորդորել էր Հունաստան փախած 8 անձանց անմիջապես հանձնել իրենց: