Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իսմայիլ Հաքքը Փեքինն անհանգստացած է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենի Թուրքիայի մասին հայտարարություններից, հաղորդում է Ermenihaber-ը:

Բլինքենն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմի համար անընդունելի  է ռուս-թուրքական գործարքը ռուսական S-400 զենիհրթիռային ՀՕՊ համակարգերի վերաբերյալ։ 

Ըստ Փեքինի՝ ԱՄՆ նոր վարչակազմի համար առաջիկա ժամանակաշրջանում S-400-ների հարցը ամենաառացնքայիններից է լինելու։ Անդրադառնալով Բլինքենի S-400-ների մասով հայտարարություններին՝ թուրք գեներալն ասել է․ «Բայդենի վարչակազմը, դեռ չանցած իր պարտականություններին, արդեն սպառնում է Թուրքիային»։

Թուրք գեներալը «Sputnik» լրատվամիջոցի հետ զրույցում մտահոգություն է հայտնել, որ պետքարտուղարի պաշտոնին հավակնող Բլինքենը Թուրքիային անվանել է «այսպես կոչված դաշնակից, որը գտնվում է միևնույն ուղեծիրում ԱՄՆ-ի հակառակորդների հետ»։ 

Նա ուշադրություն է հրավիրում Բլինքենի ելույթի այն հատվածի վրա, որտեղ ասվում է. «Թուրքիան այնպիսի դաշնակից է, որը երբեմն չի գործում  այնպես, ինչպես դա պիտի անի և ակնհայտ է, որ դա շատ լուրջ խնդիր է մեզ համար»։ 

Փեքինը նշում է նաև, որ սրանով ԱՄՆ-ի նոր վարչակազմը ցանկանում է տեսնել այնպիսի Թուրքիա, որը կենթարկվի Վաշինգտոնին։