Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն ուրբաթ հանդիպում է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությունը, փոխանցում է korrespondent.net-ը:

 

Տեղեկությունների համաձայն՝ «կողմերը քննարկել են Ուկրաինայի անվտանգությանն առնչվող հարցեր, ռուսական ագրեսիային դիմակայելու, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների այլ արդի հարցեր՝ մասնավորապես առևտրատնտեսական, էներգետիկ և ռազմա-տեխնիկական ոլորտներում»:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուկրաինա է ժամանել ուկրաինա-թուրքական բարձր մակարդակի հարաբերությունների խորհրդի 4-րդ նիստի շրջանակներում:

 

Նա հանդիպել է նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Բանակցությունների արդյունքում Պորոշենկոն հաղորդել է, որ Թուրքիան 50 մլն դոլար է տրամադրել պետբյուջեի դեֆիցիտը փակելու համար: