Հայաստանի բանկային համակարգում մեկ օրվա ընթացքում կատարվում է 95.7 մլրդ դրամի անկանխիկ գործարք: Նախորդ եռամսյակի ընթացքում անկանխիկ գործարքների միջին քանակն օրական կազմել է 80 հազար' ավելանալով 14 տոկոսով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Կենտրոնական բանկից, էլեկտրոնային վճարումների համակարգով կատարված միջին օրական փոխանցումները մեկ տարում ավելացել են 27 տոկոսով և կազմել 49.2 մլրդ դրամ: Միևնույն ժամանակ այդ փոխանցումների քանակը նվազել է 35 տոկոսով' կազմելով 14 հազար:

 

Շրջանառության մեջ գտնվող վճարային քարտերի քանակը 2014 թվականի վերջի դրությամբ կազմել է 1.6 մլն: «ԱրՔա» քարտերի քանակը նվազել է 4 տոկոսով և կազմել 547 հազար, իսկ միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակն ավելացել է 3 տոկոսով և կազմել 1.1 մլն: 2014 թվականի չորրորդ եռամսյակում վճարային քարտերով իրականացվել է 397 մլրդ դրամի գործառնություն:

 

2014 թվականի դրությամբ Հայաստանի տարածքում գործող առևտրային բանկերից 19-ը տրամադել և սպասարկել են վճարային քարտեր: Ընդ որում, բոլոր բանկերն էլ անդամակցում են «ԱրՔա» քարտերով վճարային միասնական համակարգին: