Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին մարտի 22-ին ընդունել է Քուվեյթի վարչապետ, Նորին վսեմություն շեյխ Ջաբեր Ալ Մուբարաք Ալ Համադ Ալ Սաբահը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Չարչօղլյանը Քուվեյթի վարչապետին է փոխանցել ՀՀ վա րչապետ Հովիկ Աբրահամյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև հանձնել է վերջինիս շնորհակալական ուղերձն ու Հայաստան այցելելու հրավերը:

 

Շնորհակալությամբ ընդունելով ՀՀ վարչապետի հրավերը' վարչապետ Ալ Սաբահը հայտնել է առաջիկայում անպայման Հայաստան այցելելու իր պատրաստակամությունը: Քուվեյթի վարչապետը գոհունակությամբ է նշել Հայաստանի և Քուվեյթի միջև ջերմ բարեկամական փոխգործակցության առկայությունը և կարևորել ակտիվ փոխայցելությունների դերն այդ փոխգործակցության առավել խորացման և սերտացման գործում:

 

Վարչապետ Ալ Սաբահն ընդգծել է նաև ՀՀ վարչապետի այցի ընթացքում ձեռքբերված համաձայնությունների իրականացման կարևորությունը, ինչը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև բազում ոլորտներում համագործակցության ընդլայնման համար:

 

Երկուստեք ընդգծվել է երկու բարեկամական երկրների միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը և կարևորվել բազում ուղղություններով համագործակցության առավել խորացմանն ու ընդլայնմանն ուղղված հետագա ջանքերի գործադրումը:

 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային արդի խնդիրներին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի: