Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնից ազատել է նախագահի՝ ներքին քաղաքականության վարչության պետ Օլեգ Մորոզովին, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի կայքին: Մորոզովի պաշտոնում նշանակվել է տեղակալ Տատյանա Վորոնովան:
Օլեգ Մորոզովը նախագահի աշխատակազմից հեռանում է ընտանեկան հանգամանքների բերումով և առաջիկայում ձեռնամուխ կլինի Մոսկվայի պետական համալսարանին առընթեր գիտաուսումնական կենտրոնի ղեկավարմանը, որն աշխատելու է վարչական կադրերի պատրաստման բնագավառում: Այդ մասին «Կոմերսանտ»-ին պատմել է Մորոզովն ինքը:
Ղեկավարությունը փոխվել է նաև նախագահի գործերի վարչության միջազգային համագործակցության գլխավոր վարչությունում: Նախագահը հրամանագիր է ստորագրել վարչության պետ Սերգեյ Բոլխովիտինին պաշտոնից ազատելու մասին, որն այդ պաշտոնն զբաղեցնում էր 2004 թվականից:
Միաժամանակ Պուտինն ստորագրել է «Անկախ Պետությունների Համագործակցության, արտասահմանում ապրող հայրենակիցների գործերի ու միջազգային հումանիտար համագործակցության դաշնային գործակալության ղեկավարի մասին» հրամանագիրը, որով այդ պաշտոնում նշանակել է Լյուբով Գլեբովային: Ավելի վաղ նա աշխատում էր միջազգային կոմիտեի կազմում և խորհրդարանի վերին պալատում ներկայացնում էր Պենզայի մարզի օրենսդիր մարմինը: