Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում մարտի 18-ին և 20-ին, համապատասխանաբար Կանադայի Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում, կազմակերպվել են «Ցեղասպանություն. կանխարգելումից արդարություն» խորագրով գիտաժողովներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, գիտաժողովները կազմակերպվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Կանադայի հանձնաժողովի և Կանադայում ՀՀ դեսպանության կողմից:
Մոնրեալում գիտաժողովը տեղի է ունեցել հռչակավոր «ՄկԳիլ» համալսարանում: Բանախոսներն են եղել մարդու իրավունքների պաշտպանության ու ցեղասպանությունների ուսումնասիրությունների ոլորտներում հայտնի հետազոտողներ Փայամ Ախավանը, Անրի Թիերիոն և Ֆրենկ Չոքը:
Գիտաժողովի մասնակիցների թվում են եղել Ողջակիզումը և Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած անձինք, ներկայացուցիչներ Մոնրեալի հունական, ուկրաինական, հնդկացիական և այլ համայնքներից: Քննարկված թեմաներից են Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման հարցը, Ցեղասպանության ժխտման համ ար պատասխանատվության հարցը, մասնավորապես, «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործը, ինչպես նաև միջազգային հանրության դերը ցեղասպանությունների կանխարգելմանն գործում:
Տորոնտոյում գիտաժողովը կազմակերպվել է Տորոնտոյի համալսարանի «Վիկտորիա» քոլեջում: Բանախոսներն են եղել Ջերմեյն ՄքԿալպինը, Ֆաթմա Գոչեքը և Անրի Թիերիոն: Քննարկվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հաջորդող տասնամյակներում ակնկալվող զարգացումները, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայում հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը 18-21-րդ դարերում: Ուղերձներով հանդես են եկել ցեղասպանությունների ուսումնասիրության Սարա Քորնինգի կենտրոնի, եզդիական համայնքի, ինչպես նաև տարբեր իրավապաշպան կառույցների ներկայացուցիչներ:
Գիտաժողովները լայնորեն լուսաբանվել են կանադական մամուլում: