Հայոց ցեղասպանության թեմայով Ստամբուլի Բիլգի համալսարանում չեղյալ հայտարարված կոնֆերանսը տեղի կունենա Բողազիչիի համալսարանում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի «Ակոս» պարբերականը:
«Հայոց ցեղասպանություն. հայեցակարգեր և համեմատական հեռանկարներ» խորագիրը կրող կոնֆերանսը տեղի կունենա ապրիլի 26-ին: Այն կմեկնարկի տեղական ժամանակով 10:00-ին և կտևի մինչև 18:30-ը: Կոնֆերանսում ելույթներով հանդես կգան գիտնականներ Դիրք Մոսեսը, Փընար Դոսթ-Նիյեգոն, Ուղուր Ումիթ Ունգորը, Մեհմեթ Փոլաթելը, Քեյթ Դավիդ Վաթենփաուխը, Նորման Նայմարքը, Քեթի Քարմայքլը, Ջեյ Ուինթերը, Ֆաթմա Մյուգե Գյոքչեքը, Մելիսա Բիլալին: Փակման խոսքով հանդես կգան Բյուլենթ Բիլմեզը, Այհան Աքթարը, Սեպուհ Արսլանյանը և Ռոբերտ Ֆիսկը:
Կոնֆերանսը կազմակերպվում է Լոս Անջելեսի Կալիֆորնիա համալսարանի և Թուրքիայի պատմության հիմնադրամի կողմից: