Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինային նոր Սահմանադրություն է հարկավոր, որի հիմնական դրույթները պետք է հաստատվեն համաուկրաինական հանրաքվեով:

 

 

«Շատ կարևոր է, որ ուկրաինական ժողովուրդը «այո» ասի Ուկրաինայի նոր Սահմանադրությանը, և սահմանադրական հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում շատ բան դրվելու է մարզային վարչակազմերի հետ աշխատանքի վրա»,-հայտարարել է Յացենյուկը մարտի 24-ին նահանգապետների հետ կայացած սելեկտորային խորհրդակցության ժամանակ:

 

 

Նրա կարծիքով՝ Սահմանադրության նոր խմբագրության մեջ պետք է կարգավորվեն իշխանությունների հավասարակշռման, թափանցիկ դատական համակարգի և կոռուպցիայի դեմ պայքարի համակարգի ձևավորման հարցերը:

 

 

Յացենյուկն Ուկրաինայի տնտեսական խնդիրները բացատրել է Ռուսաստանի գործողություններով և Ռուսաստանի վրա է դրել այն բանի պատասխանատվությունը, որ իր երկիրը կորցրել է տնտեսության քառորդ մասը:

 

 

«Մենք կորցրել ենք ուկրաինական տնտեսության քառորդ մասը»,-հայտարարել է նա բյուջեի ապակենտրոնացման հարցերին նվիրված սելեկտորային խորհրդակցության ժամանակ: «Ռուսաստանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի պատճառով փակվել են հարյուրավոր ձեռնարկություններ»,- հավելել է Յացենյուկը: Միևնույն ժամանակ Ուկրաինան, չնայած դրան, ավելի շատ հարկեր է հավաքել, քան անցյալ տարի, սոցիալական վճարումների ոչ մի ուշացում չի եղել, ասել է նա:

 

 

Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորման վերսկսման շնորհիվ Ուկրաինան կկարողանա լուծել արտաքին պարտքի սպասարկման հարցը, իսկ պետբյուջեի եկամուտներն կօգտագործվեն պաշտպանության ֆինանսավորման և սոցիալական վճարումների համար, ասել է վարչապետը:

 

 

Յացենյուկի խոսքով՝ պետական մարզային վարչակազմերի ղեկավարները պարտավոր են տեղեկատվություն հրապարակել այն մասին, թե ինչ նպատակներով են ծախսվում պետական միջոցները: «Որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչի վրա են ծախսվել փողերը… Փողերի թափանցիկ օգտագործումն այսօրվա պահանջն է»,-ընդգծել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: