Germanwings ավիաընկերության A320 մարդատար ինքնաթիռի աղետի վայրում փրկարարներին հաջողվել է մարտի 25-ի երեկոյան զոհերի առաջին մարմինները դուրս բերել ֆրանսիական Ալպերի դժվարամատչելի լեռնային շրջանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գերմանական DPA գործակալությանը հայտնել է ֆրանսիական ոստիկանության ներկայացուցիչը: Ընդսմին նա չի ճշտել, թե զոհվածների քանի մարմին է հաջողվել տեղափոխել փրկարարներին:

 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Germanwings-ի ղեկավար Թոմաս Վինկելմանը տեղեկացրել է, որ իր ավիաընկերության ներկայացուցիչներին առաժմ հաջողվել է կապվել Ֆրանսիայի հարավում ինքնաթիռի կործանման զոհերի 123 ընտանիքների հետ:

 

«Մեր բացարձակ գերակայությունը զոհվածների հարազատներին ու մերձավորներին օգնություն ցուցաբերելն է»,- ընդգծել է Վինկելմանը: Նրա խոսքով՝ Lufthansa կոնցեռնը, որի դուստր ձեռնարկությունն է Germanwings-ը, Դյուսելդորֆում, Բարսելոնում, Մայնի Ֆրանկֆուրտում եւ Մյունխենում հոգեբանական օգնություն ցուցաբերելու կենտրոններ է բացել: «Germanwings-ը եւ Lufthansa-ն օգտագործում են առկա բոլոր ռեսուրսները մարդկանց օգնելու համար»,- ասել է Վինկելմանը:

 

Germanwings ընկերության ինքնաթիռը, որը Բարսելոնից ուղեւորվում էր Դյուսելդորֆ մարտի 24-ին կործանվել է Ֆրանսիայի հարավ-արեւելքում: Աղետը տեղի է ունեցել Վերին Պրովանսի Ալպեր դեպարտամենտում Տրուա-Էվեւշե դժվարամատչելի լեռնազանգվածի շրջանում՝ Դին լե Բեն բնակավայրի մերձակայքում: Ընդամենը օդանավում եղել է 150 մարդ՝ 144 ուղեւոր եւ անձնակազմի վեց անդամ: