Գերմանիայի ԱԳ նախարարությունը հրապարակել է Ֆրանսիայում կործանված A320 ինքնաթիռում գտնվող ուղեւորների եւ անձնակազմի անդամների ճշտված ցուցակը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Agence France-Presse-ին:
ԱԳՆ-ի տվյալներով՝ ավիաաղետի զոհ են դարձել ԳՖՀ-ի 72 քաղաքացիներ, 47 իսպանացիներ, Արգենտինայի, ԱՄՆ-ի եւ Ղազախստանի երեքական քաղաքացիներ, երկուական ավստրալացիներ, բրիտանացիներ, իրանցիներ, կոլումբիացիներ, ճապոնացիներ, Բելգիայի, Դանիայի, Կոտ դ՛Իվուարի, Մեքսիկայի, Մարոկոյի, Նիդեռլանդների եւ Վենեսուելայի մեկական քաղաքացիներ:
Այդ մարդիկ ունեին միայն մեկ երկրի քաղաքացիություն: Բացի այդ, զոհված հինգ ուղեւորներ ունեին կրկնակի քաղաքացիություն. չորս իսպանացիներ ունեին նաեւ Իսրայելի, Մարոկոյի, Մեծ Բրիտանիայի եւ Մեքսիկայի անձնագրեր, իսկ ուղեւորներից մեկն ուներ Չիլիի եւ Վենեսուելայի քաղաքացիություն:
Germanwings ավիաընկերության A320 ինքնաթիռը, որը Բարսելոնից ուղեւորվում Էր Դյուսելդորֆ, կործանվել Է մարտի 24-ին Ֆրանսիայի հարավ - արեւելքում՝ Ալպերի դժվարամատչելի շրջանում: Աղետի հետեւանքով զոհվել Է 150 մարդ: Միակ հայտնաբերված «սեւ արկղի» ձայնագրությունը ցույց Է տալիս, որ աղետը դարձել Է երկրորդ օդաչուի՝ Գերմանիայի քաղաքացի Լուբիցի դիտավորյալ գործողությունների հետեւանքը:
Մինչդեռ Lufthansa ընկերության ղեկավար Քարսթեն Շպորը հայտարարել Է, որ ավելի շատ ժամանակ Է անհրաժեշտ՝ պարզելու, թե հատկապես ինչն Է A320 ինքնաթիռի աղետին հանգեցրել Ֆրանսիական Ալպերում: «Բավական շատ ժամանակ կպահանջվի A320 ինքնաթիռի աղետի պատճառները պարզելու համար»,-ասել Է Շպորը: Ընդսմին տեղի ունեցածը նա անվանել Է «ահավոր աղետ»: «Մենք սգում ենք այդ իրադարձությունների կապակցությամբ: Զոհվածների ազգականներին ու մերձավորներին մեր օգնությունը չի սահմանափակվի այն վճարումներով, որոնք արվել են վերջին օրերին»,-հավելել Է նա, հաղորդել Է Ռ ԻԱ Նովոստին: