Դյուսելդորֆի ոստիկանությունն ստեղծել է 100 փորձագետներից բաղկացած «Ալպեր» հատուկ հանձնախումբը, որն զբաղվում Է ոչ միայն կործանված A320-ի երկրորդ օդաչուի՝ Անդրեաս Լյուբիցի կյանքի մանրամասները պարզելով, այլեւ այնպիսի տեղեկություններ հավաքելով, որոնք կարող են օգնել ճանաչելու Ֆրանսիայում աղետի զոհ դարձած Գերմանիայի քաղաքացիներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 30-ին հաղորդել է Rheinische Post թերթը՝ հղում անելով քննչական մարմիններին:

 

Ոստիկանները հոգեբանների հետ համատեղ արդեն այցելում են զոհված ուղեւորների՝ ԳՖՀ-ում բնակվող մերձավորներին ու ազգականներին, ինչպես նաեւ աղետյալների ատամնաբույժներին՝ նպատակ ունենալով պարզել այնպիսի մանրամասներ, որոնք կկարողանան օգնել զոհերի ճանաչմանը: Մասնավորապես, փորձագետներն զբաղվում են զոհերի մարմինների վրա հնարավոր դաջվածքների վերաբերյալ տեղեկատվության հավաքմամբ, մազերի նմուշներ են հավաքում սանրերից եւ գենետիկ այլ նյութեր:

 

Մարտի 29-ին Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը հայտնել է, որ փորձագետները Germanwings ավիաընկերության ինքնաթիռի աղետի զոհերի մնացորդները հետազոտելիս բացահայտել են ԴՆԹ-ի 78 նմուշներ: «Բացահայտվել են ԴՆԹ-ի 78 նմուշներ, որոնք համեմատվում են այն նմուշների հետ, որոնք ստացվել են զոհվածների հարազատներից»,- ասել է նա: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ զոհված ուղեւորների մերձավորները հետաքննությանը տրամադրել են 4,5 հազար առարկաներ, որոնք պարունակում են ուղեւորների ԴՆԹ-ն՝ ատամի խոզանակներ, սանրեր եւ այլ անձնական իրեր:

 

Ըստ ՏԱՍՍ-ի՝ աղետի վայրում շարունակվում են որոնողական աշխատանքները: Միաժամանակ փնտրվում է երկրորդ «սեւ արկղը»: Ինչպես հայտնել է Lufthansa գերմանական ավիաընկերության վարչության անդամ Կայ Կրատկին, աղետի վայրում կործանված օդանավի երկրորդ ինքնագրիչի հայտնաբերումը չափազանց դժվար է, որովհետեւ այն, ամենայն հավանականությամբ, ջախջախվել է եւ ազդանշաններ չի ուղարկվում:

 

Germanwings ընկերության A320 մարդատար ինքնաթիռը, որը Բարսելոնից ուղեւորվում էր Դյուսելդորֆ, մարտի 24-ին կործանվել է Ֆրանսիայի հարավ-արեւելքում: Աղետը տեղի է ունեցել Վերին Պրովանսի Ալպերի դեպարտամենտի Տրուա-Էվեշե լեռնազանգվածի շրջանում՝ Դին լե Բեն բնակավայրից ոչ հեռու: Օդանավում եղել է 150 մարդ՝ 144 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ, որոնք բոլորն էլ զոհվել են: