ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում թմրանյութեր օգտագործող աշակերտների թիվն անցնում է ընդհանուրի 30 տոկոսը: Ադրբեջանում դա զրպարտանք համարեցին: Սակայն, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան սոցցանցերում գրել է, որ «մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դա իրականությունն արտահայտող տեղեկատվություն էր»: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով moderator.az լրատվականբ կայքը:
Պատգամավորը գրում է, որ Ադրբեջանի թմրանյութերի շուկայում մեծ փողեր են շրջանառվում, եւ դրանից անմասն չէ նաեւ անչափահաս բնակչությունը: «Թմրամոլության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հանձնաժողովի աշխատանքային խումբը հայտնել է, որ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ' Ադրբեջանի «սեւ շուկայում» 1 կգ ափիոնի մեծածախ գինը նվազագույնը 3000 դոլար է, առավելագույնը' 7000 դոլար, մանրածախ գինը նվազագույնը՝ 10000 դոլար է, առավելագույնը' 15000 դոլար: 1 կգ հերոինի մեծածախ գինը 15-20 հազար դոլար, մանրածախ գինը' 40-50 հազար դոլար է: 1 կգ մարիխուանայի մեծածախ գինը 6-8 հազար դոլար է, մանրածախ գինը' 8-12 հազար դոլար, 1 կգ հաշիշի մեծածախ գինը' 2500-4000 դոլար, մանրածախ գինը' 6-8 հազար դոլար»,- նշել է նա:
Պատգամավորի կարծիքով' Ադրբեջանում թմրանյութեր օգտագործողների թիվը մեծացնել նախատեսող հատուկ ծրագիր է կյանքի կոչվում, եւ շատ դեպքերում դրանք դրսից Ադրբեջան են ուղարկվում անվճար: Ըստ նրա' թմրանյութը դարձել է ադրբեջանական ընտանիքի գլխավոր աղետը:
Ֆ.Մուստաֆան ահազանգում է, որ Ադրբեջանում շատ են նաեւ ծխախոտամոլները, ինչի վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն չի հրապարկվում: «Մի քանի տարի է' Ադրբեջանի ծխախոտի մաֆիան խոչընդոտում է հասարակական վայրերում ծխելն արգելելու մասին օրենքի ընդունմանը: Ադրբեջանում մեծ է նաեւ հարբեցողների թիվը: Աճում է նաեւ ծխող, հարբեցող եւ թմրանյութ օգտագործող կանանց թիվը: Ադրբեջանում տեղի ունեցող սպանությունների, ինքնասպանությունների, այլ քրեական գազանությունների, ընտանիքների քայքայման, մարմանվաճառների թվի եւ վաղաժամ մահերի աճի հիմնական պատճառը թմրանյութերն ու ոգելից խմիչքներն են, ինչի դեմ ոչ պետությունը, ոչ էլ հասարակությունը չի պայքարում», - հայտնել է նա: