Ադրբեջանում 530 հազար հաշմանդամներից 63 հազարը (մոտ 12 տոկոսը) երեխաներ են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի սոցիալական քաղաքական հանձնաժողովի նախագահ Խադը Ռաջաբլին:
Ռաջաբլին հայտարարել է, որ ադրբեջանական հասարակության հաջողության բաղկացուցիչ մաս պետք է կազմի նաեւ հաշմանդամ երեխաների կրթության համար բոլոր պայմանների ստեղծումը:
Նա ասել է, որ վերլուծությունների համաձայն' Ադրբեջանում երեխաները հիմնականում հաշմանդամ են դառնում մինչեւ 3 տարեկանը:
«Դրա հիմնական պատճառներն ուսումնասիրվում են պետական մարմինների կողմից: Պարզվում է, որ գլխավոր պատճառներց մեկը ամուսնացող անձանց առողջության հետ է կապված: Այդ պատճառով, ադրբեջանական կառավարության որոշման համաձայն, այս տարվա հունիսի 1-ից ամուսնացողները պետք է առողջության մասին տեղեկանք ներկայացնեն: Օրենք է ընդունվել նաեւ հարկադիր դիսպանսերացման մասին: Երեխաների առողջության եւ գենոֆոնդի պահպանության ուղղությամբ կարեւոր աշխատանքներ են տարվում», -ասել է Ռաջաբլին:
Ադրբեջանի նախագահի' «2015-2020 թթ. տալասեմիայի դեմ պայքարի պետական ծրագրի մասին» հանձնարարականում նշվել է, որ Ադրբեջանը տալասեմիայի' արյան լուրջ հիվանդության բարձր մակարդակով տարածված երկրների շարքում է:
Ըստ այդ փաստաթղթի' Ադրբեջանում մոտ 800 հազար մարդ հանդիսանում են տալասեմիայի կրողներ եւ ամեն տարի այդ երկրում տալասեմիայով հիվանդ 200-ից ավելի երեխաներ են ծնվում:
Ադրբեջանի առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման բաժնի գլխավոր խորհրդական Դադաշ Հումբաթովը լրագրողներին հայտնել է, որ ներկայում Ադրբեջանում մոտ 3000 տալասեմիայով հիվանդներ կան:
Տալասեմիայի գեն կրողների ամուսնությունից հիվանդ երեխա ծնվելու հավանականությունը կազմում է 25 տոկոս: Հավանականությունը, որ երեխան տալասեմիայի գեն կկրի, կազմում է 50 տոկոս:
Ադրբեջանի արյունաբանության եւ արյան փոխներարկման կլինիկական ինստիտուտի գլխավոր բժիշկ Իսքենդեր Բաղիրովը հայտնել է, որ Ադրբեջանում յուրաքանչյուր 12-րդ մարդ տալասեմիայի գենի կրող է հանդիսանում:
Ադրբեջանում տալասեմիայի տարածման հիմնական պատճառներից մեկն այն է, որ այդ երկրում հաճախակի են ամուսնությունները հարազատական կապեր ունեցող զույգերի միջեւ, ինչի պատճառով, երկրի ղեկավարի վերը նշված հանձնարարականով պահանջվում է ամուսնությունից առաջ զույգերին պարտադիր կերպով հետազոտության ենթարկել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով' աշխարհում 250 մլն-ից ավելի տալասեմիայի կրողներ եւ մոտ 300 հազար հիվանդներ կան: