Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցությունը դարձել է առավել արդյունավետ և փոխըմբռնելի: Նման տեսակետ արտահետեցին ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին և ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը համատեղ նիստի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Սա արդյունավետ ձևաչափ է, որի ժամանակ ընդհանուր պատկերացում ենք կազմում գոյություն ունեցող և նոր ի հայտ եկող խնդիրների մասին: Եվրասիական տնտեսական միությունն արդեն իրականություն է, և բոլորս պետք է ինտենսիվ աշխաատենք դրա կայացման ու զարգացման ուղղությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Արտակ Զաքարյանը:
Սլուցկու խոսքով' հանձնաժողովների երրորդ համատեղ նիստի ժամանակ քննարկել են ԵՏՄ շրջանակներում տնտեսական համագործակցության և զարգացման հեռանկարները, աշխատուժի ազատ տեղաշարժի և աշխատանքային միգրացիայի հարցերը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման խնդիրները:
Բանախոսները տեղեկացրին, որ համատեղ նիստի արդյունքում ընդունվել է միասնական հայտարարություն, որտեղ շեշտադրվել են մի քանի կետեր: Այն, որ կողմերը կարևոր նշանակություն են տալիս Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի միջոցառումների անցկացմանը, հայտնում են պատրաստակամություն միավորել ջանքերը պատերազմի վետերանների, հաշմանդամ դարձած մասնակիցների և նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների տրամադրմանն ուղղված իրավական հիմքերի ամրապնդմանը, երիտասարդական ու հայրենասիրական շարժման ձևավորմանը:
Հայտարարությամբ կողմերը կարևորում են ԵՏՄ անդամ երկրների տնտեսական ինտեգրման առաջխաղացումն ու խորացումը: Այդ համատեքստում նրանք ողջունում են ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, որը կստեղծի պայմաններ մասնակից երկրների տնտեսությունների համաձայնեցված կամ միասնական քաղաքականության ձևավորման համար:
Հաջորդ կետով կողմերը ճանաչում և դատապարտում են Օսմանյան կայսրությունում 1915-1923 թթ. իրականացված Հայոց ցեղասպանությունը և կոչ են անում արևմտյան երկրների խորհրդարանականներին ուսումնասիրել մարդկության դեմ ուղղված ոճրագործության անհերքելի փաստերը, ճանաչել ու դատապարտել այն:
Ի դեպ, այս կետը սկզբնական տարբերակում այլ ձևակերպում ուներ, որը հայ խորհրդարանականների անհամաձայնությանն արժանացավ, արդյունքում փոխվեց այն ու ստացավ ներկայիս տեսքը: