Հայաստանում գտնվող Միջխորհրդարանական միության բրիտանական խումբն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Պատվիրակության անդամները «Ծիծեռնակաբերդի» բարձունքին' անմար կրակի մոտ, ծաղիկ դրեցին ու մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակված 1.5 միլիոն հայերի հիշատակը:

 

«Կարևոր է գիտակցել, թե ինչ է եղել հարյուր տարի առաջ ու երբեք չմոռանալ: Մեզ համար շատ կարևոր է այս պահին գալ այստեղ: Մոտենում է Ցեղասպանության մեկդարյա տարելիցը, և մենք այստեղ ենք, որպեսզի դատապարտենք այն»,-ասել է հայ-բրիտանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլը:

 

Մեծ Բրիտանիայի համայնքների պալատի պատգամավոր, հայանպաստ գործունեությամբ հայտնի քաղաքական գործիչ Սթիվեն Փաունդն էլ նշեց, որ իրենք այստեղ են' ցույց տալու, որ աշխարհը չի մոռանում Հայոց ցեղասպանությունը:

 

«Ես հայ ժողովրդի կողքին եմ ու հպարտ եմ նրանով, թե ով եք հիմա' քաջ ու խիզախ ժողովուրդ, ովքեր վերապրել են ցեղասպանություն, բայց երբեք չեն պարտվել»,-նշեց Սթիվեն Փաունդը:

 

Մեծ Բրիտանիան Հայաստանի անկախությունը ճանաչել է 1991թ. դեկտեմբերի 31-ին, ինչից հետո շուտով դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել: Լոնդոնում Հայաստանի դեսպանատունը բացվել է 1992թ. հոկտեմբերին: Դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը զուգընթաց' ձեւավորվել են նաեւ հայ-բրիտանական միջխորհրդարանական կապերը: