Թուրքիայի վարչապետ Էրդողանն ամերիկյան PBS առաջատար հեռուստաալիքին տված հարցազրույցում հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ժխտող զավեշտալի հայտարարությամբ:

 

Հեռուստաալիքի թղթակից Չարլի Ռոուզի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Էրդողանը ոչ ավել ոչ պակաս ասել է. «Հնարավոր չէ, քանի որ եթե ցեղասպանություն լիներ, այսօր Թուրքիայում հայեր չէին լինի: Բայց հայեր կան»: Ըստ երևույթին, նրա կարծիքով, ցեղասպանությունը տվյալ էթնիկ խմբի մինչև վերջին ներկայացուցչի ոչնչացումն է, ինչն իր հայրերը չեն հասցրել անել հայերի պարագայում:

 

1915 թ. ցեղասպանությունից առաջ Թուրքիայի տարածքում ավելի քան 2 մլն հայեր էին բնակվում, իսկ ցեղասպանությունից 100 տարի անց' ընդամենը 60 հազար հայ: Եվ սա, Էրդողանի տրամաբանությամբ, ցեղասպանություն չէ:

 

Էրդողանի այդ հայտարարությունը ևս մեկ անգամ ապացույցն է այն բանի, որ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի ապրիլքսանչորսյան ուղերձում ցեղասպանության զոհերի հետնորդներին նրա կողմից ցավակցություն հայտնելը առնվազն անկեղծ չէ և ուղղված է միջազգային հանրությանը մոլորեցնելուն: