Հայաստանում ՏՏ ոլորտի ստարտափների համար սահմանվել են հարկային արտոնություններ, որոնք կխթանեն նոր ընկերությունների ստեղծումը: Այսուհետ ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերությունները կազատվեն շահութահարկից, իսկ եկամտային հարկը նրանց համար նվազեցվել է մինչև 10 տոկոս: Օրենքի մշակումն իրակացրել է ՎԶԵԲ գործարարության աջակցման գրասենյակը` ՏՏ ոլորտի ընեկրությունների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների առաջարկով:
Ստարտափների համար սահմանված արտոնությունների և հավաստագրման գործընթացի մասին «Արմենպրես»-ը զրուցել էգրասենյակի իրավախորհրդատու Իզաբելա Հովհաննիսյանի հետ:
-Ինչո՞ւ որոշվեց արտոնություններ սահմանել հենց ՏՏ ոլորտի ընկերությունների համար: Ի՞նչ հնարավորություններ է ստեղծվում նրանց համար:
-Սա այն ոլորտն է, որտեղ կան մեծաքանակ մասագետներ, ովքեր ծառայություններ են մատուցում այլ կամ օտարերկրյա ընկերությունների` աշխատելով հարկային դաշտից դուրս: Օրենքի առաջին նպատակը «չերևացող» աշխատողներին հարկային դաշտ բերելն է: Սակայն որպեսզի դա ի կատար ածվի, հարկավոր էր արտոնություններ սահմանել նրանց համար, քանի որ ՏՏ ոլորտի աշխատողների եկամուտները բարձր են, և նրանք ամսական վճարում են մինչև 36 տոկոս եկամտահարկ: Արդյունքում Կառավարությունը նրանց եկամտահարկը իջեցրեց մինչև 10 տոկոս, իսկ շահութահարկը սահմանվեց 0 տոկոս:
-Այսինքն` օրենքի նպատակը անհատ աշխատողներին և ստարտափներին հարկային դաշտ բերե՞լն է:
-Այս ոլորտի մասնագետները կարող են աշխատել առանց գրանցվելու, սակայն եթե նրանք ցանկանում են ստեղծել ընկերություններ և խոշորանալ, ապա չեն կարող գործել առանց հարկային դաշտ մտնելու: Այս նպատակով էլ սահմանվեցին արտոնություններ, որ նրանք կարողանան հեշտությամբ ստեղծել իրենց ստարտափները և զարգացնեն դրանք` մինչև որոշակի մակարդակի հասնելը: Արտոնություններից օգտվելու համար պարտադիր պայման է, որ ընկերությունն ունենա առավելագույնը 3 ամսվա գրանցում և ոչ ավելի, քան 30 աշխատող: Արտոնությունները սահմանված են մինչև 2020 թվականը, սակայն եթե ընկերությու նն ավելի շուտ խոշորացավ, ապա օրենքով դադարեցվում են նրան տրվող արտոնությունները:
-Ե՞րբ ընկերությունը կհամարվի խոշոր:
-Երբ ստարտափը որոշի զբաղվել գործունեության այն տեսակներով, որոնք չեն համապատասխանում այս օրենքի դրույթներին, իսկ աշխատողների քանակն էլ գերազանցի սահմանված թիվը, ապա դուրս կգա արտոնությունների համակարգից:
-Մոտավորապես որքա՞ն մարդ կկարողանա օգտվել այս արտոնությունից:
-Որևէ թիվ նախանշված չէ, սակայն երբ նախագիծը մշակվում էր, ՏՏ ոլորտի շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունները վստահեցնում էին, որ նման մարդկանց թիվը բավական մեծ է լինելու: Նրանք էին բարձրացրել խնդիրը` ասելով, որ մեծաքանակ մասնագետները ցանկություն ունեն աշխատելու հարկային դաշտում, եթե ունենան արտոնություններ:
-Արտոնությունների համար սահմանվել է 5 տարի: Դա բավարա՞ր ժամանակ է, որ ստարտափը վերածվի կայուն գործող ընկերության:
-Այո՛: Մենք նախագծի սկզբում այդ ժամկետը սահմանել էինք 3 տարի, սակայն Կառավարությունն առաջարկեց դարձնել 5 տարի: Մեր վերլուծություններով` 3 տարին բավական է, որ ընկերությունը կայանա և հասկանա` կարողանո՞ւմ է խոշորանալ, թե ոչ:
-Եթե խոսենք բիզնեսի տեսանկյունից, ի՞նչ է հարկավոր, որ նա օգտվի այս արտոնություններից: Ի՞նչ գործընթաց է ենթադրվում:
-Որպես այդպիսին` գործընթացը շատ պարզ է: Անձը դիմում է Էկոնոմիկայի նախարարություն և ներկայացնում դիմում` անհրաժեշտ փաստաթղթերով: 30-օրյա ժամկետում այդ փաստաթղթերը քննվում են, և դիմումը մերժվում կամ ընդունվում է:
-Ո՞ր դեպքերում անձը կարող է մերժում ստանալ:
-Օրենքը հստակ նախատեսում է մերժման հիմքերը, և դրանից դուրս այլ հիմքեր չկան: Եթե ներկայացված են ճիշտ փաստաթղթեր, և դրանք համապատասխանում են չափանիշներին, ապա մերժումը քիչ հավանական է: Հիմնական շեշտը դրված է նրա վրա, որ ընկերութունը լինի նորաստեղծ և փոքր:
-Օրենքը ինչպիսի՞ դրույթներ է սահմանում միաձուլումների համար:
-Միաձուլումները չեն սահմանափակվում: Եթե արտոնությունների համակարգում գործող ընկերությունները միաձուլվում են և խոշորանում, ապա պարզապես դադարում են օգտվել արտանություններից: