«Գազպրոմ-մեդիա» հոլդինգը ժամանցային հեռուստատեսության խմբի մեջ կներառի ТНТ, ТВ-3, «ПЯТНИЦА!» և 2×2 հեռուստաալիքները: Այս մասին ասվում է հոլդինգի մամուլի ծառայության հաղորդագրությունում' փոխանցում է lenta.ru-ն:

 

Խումբը կգլխավորի Comedy Club-ի հիմնադիրներից մեկը' Արթուր Ջանիբեկյանը: Հեռուստաալիքների ինտեգրումը, ինչպես ենթադրվում է «Գազպրոմ-Մեդիայում», կբարձրացնի իրենց գործառնական կառավարման արդյունավետությունը:

 

Արթուր Ջանիբեկյանը «Նոր հայեր» ՈՒՀԱ թիմի հիմնադիրն ու տնօրենն է: 2003 թ. իր թիմակիցների հետ հիմնել է Comedy Club հեռուստաշոուն: 2007-ին ստեղծել է Comedy Club Production-ը: Նա նաև «7 ART» հեռուստաընկերության հիմնադիրն է, որը նկարահանել է «Универ» և «Интерны» հեռուստասերիալները:

 

2008-ին Ջանիբեկյանը հեռարձակել է շուրջօրյա Comedy TV հումորային հեռուստաալիքը: 2011 թվականին նա վաճառել է Comedy Club Production-ը ТНТ հեռուստաալիքին, սակայն մնացել է այդ ընկերության գործադիր տնօրենը:

 

«Գազպրոմ-մեդիա»-ն ռուսական խոշորագույն մեդիահոլդինգն է, որը հիմնվել է 1998 թվականին: Այն, մասնավորապես, ներառում է NTV, TNT և «Ուրբաթ» հեռուստաալիքները, «Էխո Մոսկվի», «Ավտոռադիո», «City-FM» ռադիոկայանները, «Յոթ օր» հրատարակչությունը, Rutube առցանց պորտալը և կինոարտադրությամբ զբաղվող ընկերություններ:

 

2011 թվականից Արթուր Ջանիբեկյանը Comedy Club Production-ի գլխավոր տնօրենն է, հաղորդել է «Ինտերֆաքսը»: