Գյումրիում հունվարի 12-ին դաժան սպանդի ենթարկված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդները ծանոթացել են տուժածների դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը:
«Այս պահին լրացուցիչ տեղեկատվություն չենք կարող տրամադրել, քանի որ մենք պետք է ստանանք նաև այլ փորձաքննությունների արդյունքները»,-նշեց նա և հավելեց, որ վերը նշված փորձաքննության եզրակացության արդյունքներով պարզվել են քրեական գործին վերաբերող էական հանգամանքներ, որոնց միջոցով հնարավոր է որոշակիորեն վերականգնել դեպքի հանգամանքները:
«Սակայն, որոշակի հանգամանքների մասին վերջնական խոսելու համար անհրաժեշտ է ստանալ նաև դատագենետիկական փորձաքննությունների արդյունքները, ինչպես նաև պետք է կատարվի դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքանական համալիր փորձաքննություն, որպեսզի մենք կարողանանք վերջնական վերլուծություններ կատարել կոնկրետ հանգամանքների վերաբերյալ»,- պարզաբանեց Երեմ Սարգսյանը: