Ֆրանսիական Լիոնում վանդալները պղծել են Հայոց ցեղասպանության հուշակոթողը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d'Armenie-ն, Անտոնեն Պոնսեի հրապարակում կանգնեցված հուշակողթողի 36 սյուների մեծ մասի վրա գրել են վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ: 2006 թվականին այս հուշարձանի բացման առիթով Լիոնի ժխտողականները, թուրքական շրջանակներին ծառայություններ մատուցելով, բողոքի ցույց էին կազմակերպել' ֆաշիստական կարգախոսներ վանկարկելով: «Սա առաջին դեպքը չէ, որ 1,5 միլիոն նահատակների հիշատակը հավերժացնող կոթողը վանդալիզմի զոհ է դառնում: Հիշողության սպանդի հեղինակներին քաջարելում է ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի բացակայությունը: Նրանք չեն զինաթափվում»,- գրում է Nouvelles d'Armenie-ն:
Ֆրանսիայում տեղի են ունենալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ՝ այդ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի բարձր հովանու ներքո: